ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Քննչական կոմիտեից։

Նշենք, որ քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի գլխավորությամբ, իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշել է երկու ամսով կալանավորել Գագիկ Ծառուկյանին։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել էր ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել էր, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» էր որակել։

Source: https://news.am/hy/news/1048461