Մոլդովայի Գագաուզական ինքնավարության Ժողովրդական ժողովը նոր ընտրությունները նշանակել է նոյեմբերի 15-ին։ Որոշումն ընդունվել է քվեարկության չեղարկումից հետո, որը տապալվել էր հունիսի 21-ին՝ ընտրական կանոնների վերաբերյալ Քիշնևի հետ ունեցած տարաձայնությունների պայմաններում։ Խորհրդարանի նիստը հեռարձակվում էր YouTube-ով։
Ժողովրդական ժողովի նախագահի պաշտոնակատար Վալենտին Գայդարժին հայտնել է, որ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է նշված ամսաթվին ընտրությունների անցկացումը։
Նիստի տվյալներով՝ հուլիսի ընթացքում նախատեսվում է փորձել կարգավորել վիճելի հարցերը Մոլդովայի կենտրոնական իշխանությունների հետ, որոնք պնդում են ընտրություններն անցկացնել թարմացված ընտրական օրենսգրքով։ Կոմրատում, իրենց հերթին, դա համարում են միջամտություն ինքնավարության գործերին և հղում են անում տարածաշրջանի՝ 1994 թվականից գործող հատուկ կարգավիճակի մասին օրենքին։
Ճգնաժամից դուրս գալու համար գագաուզ պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ, որոնք թույլ կտան հստակորեն բաշխել լիազորությունները կենտրոնական և տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների միջև՝ ներառյալ ընտրությունների ամսաթվի նշանակման և դրանց ֆինանսավորման հարցերը։
Մոլդովայի արդարադատության նախարարությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է ինքնավարության լիազորություններին վերաբերող մի շարք դրույթներ։ Ակնկալվում է, որ այս գործով որոշումը կընդունվի հուլիսի 7-ին։
Source: https://news.am/hy/news/1047670