Ամերիկյան OpenAI ընկերությունը՝ ChatGPT չաթ-բոտի մշակողը, որի կապիտալիզացիան կազմում է 853 մլրդ դոլար, առաջարկել է ամերիկյան վարչակազմին փոխանցել բաժնետոմսերի 5%-ը՝ ԱՄՆ-ում տեխնոլոգիական հսկաների հասցեին աճող քննադատության ֆոնին։ Այդ մասին Financial Times (FT) թերթը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։
Սեմ Ալթմանի գլխավորած ստարտափը, նրանց տվյալներով, վարչակազմի հետ վարում է նախնական բանակցություններ՝ արժեթղթերը պետական սեփականության փոխանցելու գործարքի շուրջ՝ հասարակության և քաղաքական գործիչների կողմից ճնշման ուժեղացման պայմաններում։ Նրանց անհանգստացնում են տվյալների մշակման կենտրոնների լայնածավալ կառուցումը և արհեստական բանականության (ԱԲ) հետևանքները աշխատատեղերի ու կիբեռանվտանգության համար։ Ոլորտի ավելի խիստ կարգավորման օգտին հանդես են գալիս որոշ հանրապետականներ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ։
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի պնդմամբ՝ ընկերությունում հանրությանը ֆինանսական բաժին տրամադրելը արհեստական բանականությունից (ԱԲ) ստացվող օգուտները կիսելու լավագույն միջոցն է։ Աղբյուրների խոսքով՝ ստարտափի նախաձեռնությունը ենթադրում է նաև, որ ԱԲ-ով զբաղվող մյուս ամերիկյան տեխնոլոգիական հսկաները պետական սեփականության փոխանցեն բաժնետոմսերի համանման բաժին, թեև հրապարակման մեջ նշվում է, որ պարզ չէ՝ այդ խմբերից որևէ մեկը կհամաձայնի՞ ընկերության առաջարկին։
Source: https://news.am/hy/news/1047311