ԱՄՆ-ի վարչակազմից պետական աջակցության տեսքով միլիարդավոր դոլարներ ստացած ամերիկյան ընկերությունները, չնայած Սպիտակ տան՝ սեփական մատակարարման շղթան ստեղծելու ջանքերին, հազվագյուտ հողային մետաղներ են վաճառում Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Financial Times (FT) թերթը։
Նրանց տեղեկություններով՝ MP Materials, Energy Fuels և Phoenix Tailings ընկերությունների կողմից արտադրվող հազվագյուտ հողային տարրերից ստացված արտադրանքը վաճառվում է Ասիայի ընկերություններին, որտեղ պահանջարկը և արտադրության ծավալները, հատկապես մագնիսների, շատ ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։ Փորձագետներն ընդգծում են, որ ամերիկյան պահանջարկն այս ոլորտում «դեռ չի նյութականացել»։
Phoenix Tailings-ի ղեկավար Նիք Մայերսի հայտարարության համաձայն՝ ճապոնացի հաճախորդները ամեն կերպ ձգտում են ստանալ ընկերության արտադրանքը՝ հաշվի առնելով 2026 թվականին Չինաստանից այս նյութերի արտահանման կտրուկ կրճատումը։ Նրա խոսքով՝ ստարտափի հաճախորդները «հիմնականում գտնվում են Կորեայի Հանրապետությունում և Ճապոնիայում»։
CIA-ի ֆինանսավորմամբ գործող IQT վենչուրային ընկերության աջակցությունը ստացող Phoenix Tailings-ը մեծացնում է արտադրությունը, սակայն առայժմ խոշոր արտադրող չէ և չի բացահայտում վաճառքների տվյալները, տեղեկացնում է պարբերականը։ Ամերիկյան պաշտպանական կապալառուները պետք է շատ ավելի արագ գործեն, նշել է Մայերսը։ Մինչ այդ նա մտադիր է արտադրանքն իրացնել այնտեղ, որտեղ «այլ ընկերություններ ավելի արագ մեծ գումարներ են վճարում»։
Energy Fuels-ը, որը հունիսին ստացել է 725 մլն դոլար նպատակային պետական ֆինանսավորում, ծրագրում է մեծացնել հազվագյուտ հողային տարրերի արտադրությունը և նույնպես նպատակաուղղված է Ասիային։ «Մոտ ապագայում մենք օքսիդներ ենք մատակարարելու Կորեայի Հանրապետություն», - տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոս Բհապպուն։
Source: https://news.am/hy/news/1048584