Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան կմնա միջազգային համակարգի հուսալի կողմնակիցն այն բանից հետո, երբ Բեռլինը ձախողեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում աթոռ ստանալու իր փորձը, հաղորդում է Reuters-ը։
Քվեարկության արդյունքները, ըստ որոնց Զիմբաբվեի ու Տրինիդադ և Տոբագոյի հետ մեկտեղ երկամյա ժամկետով ընտրվել են Ավստրիան և Պորտուգալիան, լուրջ հարված դարձան Մերցի համար, որը ձգտում էր Բեռլինը դիրքավորել որպես գլոբալ հարցերում Եվրոպայի առաջատար ձայն։
«Մենք հայտ էինք ներկայացրել հաստատուն համոզմունքով։ Մենք չհասանք մեր նպատակին,- ասված է կանցլերի հայտարարության մեջ։- Այս արդյունքը չի փոխում Միավորված ազգերի կազմակերպությունում մեր առջև ծառացած խնդիրները։ Գերմանիան մնում է բազմակողմ համակարգի հուսալի հենարանը»։
Նա շնորհավորել է Ավստրիային և Պորտուգալիային, որոնք Գերմանիայի հետ ուղղակիորեն մրցում էին 15 անդամից բաղկացած Խորհրդում հասանելի հինգ տեղերից երկուսի համար՝ նշելով, որ Գերմանիային երկու երկրների հետ էլ կապում է «սերտ եվրոպական գործընկերությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակում ընդհանուր պատասխանատվությունը»։
Ընդդիմադիր «Կանաչներ» կուսակցությունը հայտարարել է, որ այս «ամոթալի պարտությունն» ամբողջությամբ ընկած է Մերցի և արտգործնախարար Յոհան Վադեֆուլի խղճին, որն անձամբ ներկա է եղել Նյու Յորքում քվեարկության ժամանակ։
«Անցյալ տարի Գերմանիայի կառավարությունը չափազանց քիչ բան արեց, որպեսզի այս հայտը ամրապնդի ժամանակակից գաղափարներով»,- հայտարարության մեջ ընդգծել է կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ագնեշկա Բրուգերը։
Source: https://news.am/hy/news/1040685