Ֆրանսիայում 100 հազար ստորագրություն է հավաքել այն պահանջագիրը, որը կոչ է անում մերժել օրինագիծը, որով նախատեսվում է ոստիկանության և ժանդարմերիայի ծառայողների կողմից հրազենի կիրառման օրինականության կանխավարկած։ Փաստաթուղթը հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական հարթակում և լրացուցիչ կտեղադրվի խորհրդարանի կայքում՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու համար, հայտնում է Le Figaro-ն։
«Հանրապետականներ» (LR) կուսակցության առաջարկած օրինագիծը երեքշաբթի օրը կրկին պետք է ներկայացվի պատգամավորների քննարկմանը։ Փաստաթուղթը նախատեսում է, որ զենք կիրառելու դեպքում ոստիկաններն ու ժանդարմները «ենթադրվում է, որ գործել են օրենքի շրջանակներում», քանի դեռ հակառակի ապացույցներ չեն ներկայացվել։
Սկզբնական խմբագրությունը իրավապահ մարմինների աշխատակիցների համար ուղղակիորեն ներմուծում էր անհրաժեշտ ինքնապաշտպանության կանխավարկած, սակայն ավելի ուշ կառավարության նախաձեռնությամբ ձևակերպումը փոխվեց։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը նշել է, որ խոսքը ոստիկանների անձեռնմխելիության մասին չէ։
«Սա անձեռնմխելիություն չէ։ Օրենքը պարզապես կվերացնի զենք կիրառելուց հետո աշխատակիցներին ինքնաբերաբար կալանքի տակ վերցնելու պրակտիկան», — հայտարարել է նախարարը։
Պահանջագրյի հեղինակները պնդում են, որ Ֆրանսիան արդեն առաջին տեղն է զբաղեցնում ԵՄ երկրների շարքում՝ ուժային կառույցների ներկայացուցիչների գործողությունների հետևանքով զոհվածների և տուժածների թվով։ Նրանց կարծիքով, օրենքի ընդունումը կարող է հանգեցնել նման դեպքերի աճին և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային, քանի որ փաստացի ապացուցման բեռը տեղափոխում է տուժածների վրա։
Նախաձեռնության դեմ հանդես է եկել նաև Փարիզի փաստաբանական պալատի խորհուրդը՝ հայտարարելով, որ իրավունքի գերակայությունը բացառում է իրավապահ մարմիններին որևէ տեսակի անձեռնմխելիության կանխավարկած տրամադրելը։ Նմանատիպ դիրքորոշում է զբաղեցրել նաև «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցության խորհրդարանական խմբակցությունը՝ օրինագիծը անվանելով «պատմական հարված իրավական պետությանը»։
Ֆրանսիական օրենսդրության համաձայն, 100 հազար ստորագրություն հավաքած պահանջագրերը լրացուցիչ հրապարակայնություն են ստանում Ազգային ժողովի կայքում։ 500 հազար ստորագրության շեմին հասնելու դեպքում հարցը կարող է դրվել խորհրդարանական քննարկման, սակայն ակնկալվում է, որ օրինագիծը կքննարկվի ավելի վաղ։ Եթե այն հաստատվի ստորին պալատի կողմից, փաստաթուղթը կուղարկվի Սենատի քննարկմանը։
Source: https://news.am/hy/news/1047820