Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։

Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։ Դեպքից հետո թանգարանի ղեկավարությունը հայտարարել է հաստատության ժամանակավոր փակման մասին։

Քննության տվյալներով, դիմակավորված մի քանի չարագործներ կոտրել են մուտքի դուռը և ջարդել ցուցանմուշներով վեց ցուցափեղկ։ Գողացված զարդերը պատրաստված են բյուրեղապակուց և թանկարժեք քարեր չեն պարունակում, սակայն ունեն բարձր գեղարվեստական և հավաքածուային արժեք։

Ահազանգման համակարգը գործել է ներխուժումից անմիջապես հետո, սակայն, ինչպես հայտնում են աղբյուրները, պահպանության ընկերության աշխատակիցները ժամանակին չեն ժամանել։ Հանցագործության մասին առաջինը հայտնել է առավոտյան աշխատանքի եկած հավաքարարը, որը հայտնաբերել է կոտրված դուռն ու ցուցափեղկերը։

Վենգեն-սյուր-Մոդերի քաղաքապետը կտրուկ քննադատել է անվտանգության ծառայության գործողությունները։

«Բոլոր ահազանգման համակարգերն աշխատել են ինչպես հարկն է։ Բայց, ըստ ամենայնի, պահպանության ընկերությունը լուրջ խափանում է թույլ տվել․ նրա աշխատակիցները անմիջապես չեն ժամանել և չեն տեղեկացրել ժանդարմերիային», — հայտարարել է նա։

Համայնքի ղեկավարի կարծիքով, հանցագործները կարող էին նախապես իմանալ, թե հատկապես որ ցուցանմուշներն են ամենամեծ արժեք ներկայացնում։

«Նրանք նախ և առաջ ուղղվել են դեպի զարդերը։ Հավանաբար, նրանք շատ լավ տեղեկացված էին և գործել են իսկական մասնագետների պես», — նշել է քաղաքապետը։

Քննիչներն ուսումնասիրում են տեսահսկման տեսախցիկների գրառումները։ Հետաքննությունը հանձնվել է Ստորին Ռեյն դեպարտամենտի ժանդարմերիայի քրեական հետաքննությունների ստորաբաժանմանը։

2025 թվականին Լուվրի թանգարանի աղմկահարույց կողոպուտից հետո Լալիկ թանգարանը համարվում էր բարձր ռիսկի օբյեկտ և գտնվում էր ուժեղացված պահպանության տակ։ Սակայն, ինչպես խոստովանել են աղբյուրները, ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել։

Source: https://news.am/hy/news/1048012