Ֆրանսիայում ավարտվել է 3D տպիչով տպագրված՝ Եվրոպայում խոշորագույն բազմաբնակարան շենքի շինարարությունը։ Շենքում առկա է սոցիալական բնակարանային ֆոնդի 12 բնակարան՝ տեղակայված երեք հարկերում։ Շինարարության գործընթացը տևել է ընդամենը 34 օր։

3D տպիչով տպագրված Եվրոպայի ամենամեծ բազմաբնակարան շենքը կառուցվել է Ֆրանսիայի Բեզան քաղաքում։ ViliaSprint2 անվանումը կրող այս շենքը ստեղծել է կառուցապատող Plurial Novilia ընկերությունը՝ HOBO Architecture ճարտարապետական բյուրոյի հետ համատեղ, և տպագրել է PERI 3D Construction ընկերությունը՝ COBOD BOD2 3D տպիչով։ Շենքը նույն կառուցապատողի մեկ այլ՝ շատ նման՝ ավանդական տեխնոլոգիաներով կառուցված բազմաբնակարան շենքի կողքին է, հաղորդում է Фокус-ը: Սակայն այդ շինարարությունը տևել է երեք ամիս ավելի երկար։

Դա Ֆրանսիայում առաջին շենքն է, որտեղ թե՛ կրող կառուցվածքը, և թե՛ բոլոր պատերը տպագրվել են անմիջապես շինհրապարակում։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ շենքի տպագրությունը կտևի 50 օր, սակայն արդյունքում հաջողվել է այն տպել ընդամենը 34 օրում։ Ընդ որում, շինարարության գործընթացը վերահսկել է ընդամենը երեք օպերատոր։ Թեև շենքի հիմքը տպագրվել է հատուկ ցեմենտանման խառնուրդի օգնությամբ, այնպիսի շինարարական աշխատանքներ, ինչպիսիք են տանիքի, պատուհանների և էլեկտրալարերի տեղադրումը, իրականացվել են ավանդական եղանակով։

Ըստ կառուցապատողի ներկայացուցիչների՝ շենքի կորագիծ ճակատն ու կլորացված հատակագիծը տնտեսապես շահավետ են միայն 3D տպագրության շնորհիվ։ Նման բարդ երկրաչափական ձևը ավանդական շինարարության դեպքում զգալիորեն կթանկացներ շենքի արժեքը։

Շենքի օպտիմալացված ձևը հնարավորություն է տվել նաև խնայել բետոնի ծավալի մոտ 10%-ը։ Շենքը հագեցած է ջերմային կորուստները նվազեցնող տեխնոլոգիաներով, ինչպես նաև արևային վահանակներով և ինքնավար ջեռուցմամբ։

Շենքի ներքին տարածքը 800 քառակուսի մետր բնակելի մակերես է՝ բաշխված երեք հարկերի միջև։ Տասներկու սոցիալական բնակարաններից յուրաքանչյուրն նաև սեփական պատշգամբ ունի։

Source: https://news.am/hy/news/1048171