Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSEE) հայտնել է վերջերս տեղի ունեցած կիբեռհարձակման հետևանքով 12 հազար 800 ներկա և նախկին աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքի մասին, հաղորդում է France24-ը։

Գերատեսչության տվյալներով՝ չարագործները հասանելիություն են ստացել աշխատակիցների անձնական տվյալներին և ծառայողական կոնտակտային տեղեկություններին։ Միաժամանակ, գաղտնի տեղեկությունները, ներառյալ գաղտնաբառերը, անձնական կոնտակտները, բանկային վավերապայմանները, սոցիալական ապահովագրության համարները և բժշկական տվյալները, չեն տուժել։

INSEE-ն քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ է արել զգուշություն ցուցաբերել այնպիսի հաղորդագրություններ ստանալիս, որոնք կարող են նման լինել ինստիտուտի աշխատակիցների ուղարկած նամակներին։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ իրենք երբեք գրանցման համար վճար չեն պահանջում, ինչպես նաև չեն պահանջում բանկային տվյալներ կամ գաղտնաբառեր տրամադրել։

Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր անկախ մարմին է և պատասխանատու է երկրի տնտեսության ու հասարակության մասին վիճակագրական տվյալների հավաքագրման, վերլուծության և հրապարակման համար։

Ինչպես նշում է պարբերականը, վերջին շրջանում Ֆրանսիայում պետական հաստատությունների դեմ տեղի են ունեցել մի քանի կիբեռհարձակումներ, ինչը կրկին բարձրացրել է պետական տվյալներ մշակող տեղեկատվական համակարգերի հուսալիության հարցը։

Source: https://news.am/hy/news/1046198