Ֆրանսիայի արևելքում գտնվող Վինգեն-սյուր-Մոդեր քաղաքի Lalique ոսկերչական արվեստի թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան։ Չարագործները հափշտակել են շուրջ 20 զարդ։ Քննության գնահատականներով՝ վնասի ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ չորս միլիոն եվրո, գրում է Bild գերմանական պարբերականը։

Կողոպտիչներն, ըստ ամենայնի, հստակ գիտեին՝ ուր գնալ։ Ահազանգման համակարգը գործել է, սակայն պահնորդական ընկերությունից ժամանակ է պահանջվել իրավիճակը գնահատելու համար։ Այդ ընթացքում դեպքի վայր է ժամանել հավաքարարը. հայտնաբերելով կոտրանքի հետքերը՝ նա տեղի ունեցածի մասին հայտնել է ժանդարմերիային։

Այժմ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները։ Հանուն քննության շահերի՝ իշխանությունները չեն հրապարակում մանրամասներ հանցագործների հնարավոր փախուստի ուղիների, նրանց օգտագործած գործիքների կամ հնարավոր մեղսակիցների մասին։ Ձերբակալությունների մասին դեռևս չի հաղորդվում։

2011 թվականին բացված թանգարանը նվիրված է ար-նուվո և ար-դեկո դարաշրջանների հռչակավոր նկարիչ-ոսկերչին և գեղարվեստական ապակեգործության վարպետ Ռենե Լալիկին։ 2025 թվականի հոկտեմբերին փարիզյան Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո Լալիկի թանգարանը հատուկ հսկողության տակ էր։ Քննիչներն այն դասում էին «բարձր ռիսկայնության օբյեկտների» շարքին։

Source: https://news.am/hy/news/1048242