Ոստիկանությունը ձերբակալել է Փարիզից դեպի հարավ գտնվող Ֆոնտենբլո համայնքի մերձակա անտառը հրկիզելու փորձի մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնել է «TF1» հեռուստաալիքը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ի երեկոյան։ 1979 թվականին ծնված ֆրանսիացին մեքենայով մուտք է գործել անտառի հարևանությամբ գտնվող փակված ավտոկանգառ, որտեղ նրան նկատել են ոստիկանները։ Զննության ընթացքում նրա մեքենայում հայտնաբերվել են թղթե փաթեթներ և կրակայրիչ։ Նա ձերբակալվել է «հրկիզման միջոցով վնաս հասցնելու փորձի» կասկածանքով։

Ավելի վաղ «BFMTV» հեռուստաալիքը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր, որ Ֆոնտենբլո համայնքի անտառային գոտում հրկիզումների կասկածանքով նախկինում ձերբակալված երկու քաղաքացիներն ընդունել են իրենց մեղքը։ Ձերբակալվածներից մեկը կամավոր հրշեջ է եղել։ Նա քննիչներին պատմել է, որ անտառում գտնվող չոր ճյուղերը հրկիզել է կրակայրիչի և բենզինի օգնությամբ։ Իսկ երկրորդ կասկածյալը հայտարարել է, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել՝ չմարված սիգարետը խոտերի մեջ նետելը։

Փարիզից մոտ 70 կմ դեպի հարավ գտնվող Ֆոնտենբլո համայնքի մերձակայքում բռնկված անտառային խոշոր հրդեհն սկսվել է հուլիսի 12-ին։ Մի քանի օրվա ընթացքում դրա մակերեսը գերազանցել է 2 հազար հեկտարը, ինչը կազմում է այդ համայնքի մոտ գտնվող անտառային զանգվածի ընդհանուր տարածքի գրեթե 10%-ը։ Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամին և շոգ եղանակը։ Հրդեհն այժմ տեղայնացվել է, հրշեջները պայքարում են անտառի տարածքում կրկնվող բռնկումների դեմ։

Source: https://news.am/hy/news/1049942