Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբյեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական զինված ուժերին անհրաժեշտ է ավելի շատ սպառազինություն, իսկ պաշտպանական արտադրությունը պետք է արագացվի, գրում է Politico-ն։
«Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որն անհրաժեշտ է ապագա մարտահրավերներին լիարժեք արձագանքելու համար»,- ասել է Մանդոնը՝ Սենատի փակ նիստում գնահատելով ֆրանսիական բանակի թվակազմը, ըստ հրապարակված սղագրությունների։
Պաշտպանության շտաբի պետը սենատորների հետ հանդիպել է ապրիլին և մայիսին։ Այդ լսումների ընթացքում, որոնք սովորաբար անցնում են դռնփակ, նա նշել է նաև այն ռիսկը, որ Գերմանիան կարող է առաջ անցնել Ֆրանսիայից և դառնալ Եվրոպայի առաջատար ռազմական տերությունը՝ բարձրաձայնելով այն, ինչի մասին, նրա պնդմամբ, երկրի պաշտպանական շրջանակներում վաղուց են խոսում։
«Մենք կարող ենք հետ մնալ։ Եթե Գերմանիան շարունակի նույն տեմպերով, հինգ տարի անց մեր օպերատիվ փորձի և ռազմական մշակույթի մասին փաստարկն այլևս չի աշխատի,- հայտարարել է գեներալը։- Ամերիկացիների համար Գերմանիան աստիճանաբար դառնում է եվրոպական ուղենիշ»։
Նրա տվյալներով՝ մինչև 2029 թվականը Գերմանիան նախատեսում է պաշտպանության վրա ծախսել տարեկան մոտ 153 միլիարդ եվրո՝ ՀՆԱ-ի մոտ 3,5%-ը, ինչը կդառնա երկրի վերամիավորումից ի վեր ամենախոշոր ռազմական ընդլայնումը։ Համեմատության համար՝ Ֆրանսիան նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել մոտ 76,3 միլիարդ եվրոյի մակարդակի։
Մանդոնը հանդես է եկել Ֆրանսիայի ռազմական պլանավորման թարմացված օրենքի քննարկման շրջանակում, որը նախատեսում է պաշտպանության լրացուցիչ ֆինանսավորում 36 միլիարդ եվրոյի չափով մինչև 2030 թվականը, սակայն չի նախատեսում լրացուցիչ ինքնաթիռների կամ նավերի գնում։
Թեև խորհրդարանի ստորին պալատը հիմնականում աջակցել է օրինագծին, Սենատը պահանջում է ավելացնել ֆինանսավորումը և ընդլայնել սպառազինությունների գնումները։ Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունենում այս շաբաթ։
«Ռազմական պլանավորման թարմացված օրենքը քայլ է դեպի մեծ խստություն, խորություն և հետևողականություն, բայց մենք դեռ չենք հասել ճիշտ մոդելին,- հայտարարել է Մանդոնը։- Այն իրագործելու համար որոշումը պետք է լինի քաղաքական»։
Նա մատնանշել է ֆրանսիական բանակի հիմնական խնդիրները՝ հայտարարելով, որ դեռ ութ ամիս առաջ զգուշացրել էր պատգամավորներին առաջիկա երեք-չորս տարում Ռուսաստանի հետ հնարավոր «շոկին» պատրաստվելու մասին։
Միևնույն ժամանակ, գեներալը նշել է ֆրանսիական զինված ուժերի՝ տարբեր տարածաշրջաններում՝ Գրենլանդիայից մինչև Մերձավոր Արևելք, զորքեր և տեխնիկա արագ տեղակայելու ունակությունը, սակայն ընդգծել է նաև թույլ կողմերը։
Ըստ նրա՝ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը չափազանց սակավաթիվ են։ Չնայած ավիապարկը 30 Rafale կործանիչով ավելացնելու սկզբնական խոստումներին, պլանավորման նոր օրենքում լրացուցիչ ինքնաթիռներ նախատեսված չեն։
Որպես մասնակի լուծում՝ Մանդոնն առաջարկել է ստեղծել մինչև 3000 կիլոմետր հեռահարությամբ և 200-400 կիլոգրամ մարտական բեռնվածությամբ անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիա։
Նա միաժամանակ քննադատել է պաշտպանական արտադրության տեմպերը՝ հայտարարելով, որ Էմանուել Մակրոնի՝ «ռազմական տնտեսությանն» անցնելու կոչից գրեթե չորս տարի անց արդյունքները մնում են անբավարար։
«Ես դժգոհ եմ արտադրության ներկայիս մակարդակից և կարծում եմ, որ դրա անբավարարությունը սպառնալիք է ներկայացնում մեր ազգային պաշտպանությանը,- ասել է նա։- Մեր ընկերություններն ունակ են արտադրել բարձր տեխնոլոգիական արտադրանք, բայց նրանք չեն կարողանում դա անել արագ և էժան»։
Գեներալն առանձին հիշատակել է հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերությունը՝ նշելով, որ ձեռնարկությունն աշխատում է շուրջօրյա, բայց միևնույն ժամանակ զգում է արտադրական գծերի պակաս։
Պաշտպանական բյուջեի ավելացման անբավարարության շուրջ վեճերի ֆոնին սենատորները հայտարարել են, որ ներկայիս ծրագրերը բավարար չեն։ Ի պատասխան՝ Մանդոնն ընդգծել է, որ ծախսերի զգալի ավելացման հարցը որոշելու է արդեն Ֆրանսիայի հաջորդ նախագահը։
«Ինչպիսի՞ ներդրումներ կկատարի Ֆրանսիան պաշտպանության ոլորտում։ Պատասխանը պարզ կդառնա առաջիկա նախագահական ընտրություններից հետո»,- հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1040392
World
Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր հրամանատարը զգուշացրել է բանակի անբավարար թվաքանակի և զենքի արտադրության դանդաղ տեմպերի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։