Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որի նպատակն է սահմանափակել ասիական այն խոշոր ռիտեյլերների գործունեությունը, որոնք ապրանքներ են առաջարկում այսպես կոչված «գերարագ նորաձևության» սեգմենտում։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է «France24» հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքական գործիչներին։

«Երկուշաբթի՝ հունիսի 29-ին, վերջնականապես ընդունվել է օրինագիծը, որն ուղղված է էֆեմեր նորաձևության թափանիվը կանգնեցնելուն։ Խստացնելով «գերարագ նորաձևության» նկատմամբ վերահսկողությունը՝ նպատակ է դրվում պահպանել Ֆրանսիայում գործող աշխատատեղերը»,- նշված է հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ փաստաթղթի ազդեցության տակ են ընկնում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Temu»-ն, «Shein»-ը և «AliExpress»-ը։ Նախաձեռնությունը կոչված է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու և ներքին աշխատաշուկան պաշտպանելու համար։

Օրինագիծն արգելում է նշված առցանց հարթակներին գովազդ տեղադրել, այդ թվում՝ հանրահայտ բլոգերների ներգրավմամբ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Եվրահանձնաժողովն արդեն իսկ կասկած է հայտնել, որ այս արգելքը համապատասխանում է համաեվրոպական չափանիշներին։

Նոր կանոններով նախատեսվում է նաև բնապահպանական տուրք սահմանել յուրաքանչյուր ապրանքի համար, ընդ որում՝ դրա չափը տարեցտարի ավելանալու է։ Կառավարության ընդունած փոփոխության համաձայն՝ մինչև 2030 թվականը այդ վճարը կարող է հասնել մինչև 20 եվրոյի՝ մեկ կտոր ապրանքի համար։ Այդուհանդերձ, սահմանված գումարը չպետք է գերազանցի ապրանքի սկզբնական արժեքի 50%-ը։

«Լոբբիստների ճնշման ներքո փաստաթղթի նախնական հավակնությունները զգալիորեն կրճատվեցին»,- տեքստում մեջբերվում են «Կանաչների» կուսակցությունից խորհրդարանի անդամ Շարլ Ֆուրնիեի խոսքերը։

Եվրոպական հանրահայտ բրենդները, այդ թվում՝ «Zara»-ն, «H&M»-ը, «Primark»-ը և «Uniqlo»-ն, նոր սահմանափակումների տակ չեն ընկել։ Բացի ֆինանսական վճարներից, օրենքը «գերարագ նորաձևության» ընկերություններին պարտավորեցնում է իրենց կայքերում տեղադրել հագուստի վերաօգտագործման և վերականգնման կոչեր։ Ակնկալվում է, որ հավաքագրված միջոցներն ուղղվելու են թափոնների հավաքման և վերամշակման համակարգի զարգացմանը։

Source: https://news.am/hy/news/1046839