Ֆրանսիայի հարավն ընդգրկած անտառային հրդեհները վտանգի տակ են դրել «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի երրորդ փուլի անցկացումը, հաղորդում է AFP-ն։
Արդյոք փուլը կկայանա, թե ոչ, վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ, հայտնել է Արևելյան Պիրենեյների պրեֆեկտ Պիեռ Ռենո դե լա Մոտը։
Ըստ նրա, հարցը քննարկվում է իրավիճակի վատթարացման պատճառով․ կրակն արդեն ընդգրկել է մոտ 1500 հեկտար տարածք, և դրա մարմանը ներգրավված է շուրջ 700 հրշեջ։ Հրդեհը գտնվում է հեծանվավազքի ավարտի կետից՝ Լեզ-Անգլից, մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա, ուր մասնակիցները պետք է հասնեն երկուշաբթի։
Իշխանությունները նաև կարգադրել են փակել մրցուղու երթուղի տանող հիմնական ճանապարհը՝ կրակի տարածման պատճառով։ Պաշտոնյաները հայտարարում են, որ հրդեհը կրկին ուժգնացել է, և բոլոր ուժերը կենտրոնացված են դրա տեղայնացման վրա։
Հրդեհները միաժամանակ շարունակվում են նաև Հարավային Եվրոպայի այլ երկրներում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ֆրանսիայում։ Արդյունքում արդեն այրվել է ավելի քան 19 հազար հեկտար անտառ և գյուղատնտեսական հողատարածք։ Տարհանումը անդրադարձել է հարյուրավոր բնակիչների վրա։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ ջերմաստիճանը հետագայում կբարձրանա մինչև 40°C, ինչը բարդացնում է հրշեջների աշխատանքը և մեծացնում նոր հրդեհների վտանգը։ Մի շարք երկրներում սահմանվել են հրդեհավտանգության բարձր մակարդակներ։
Հունաստանում կրակը հանգեցրել է Սալոնիկ քաղաքի շրջակա շրջանների տարհանմանը, որտեղ այրվող ձեռնարկություններից բարձրացող խիտ ծուխը նախազգուշացումներ է առաջացրել՝ տանը մնալու և պատուհանները փակելու անհրաժեշտության մասին։ Իսպանիայում և Պորտուգալիայում նույնպես շարունակվում է պայքարը հրդեհի խոշոր օջախների դեմ, իսկ տեղական ծառայությունները հայտարարում են շոգի և քամու պատճառով ստեղծված բարդ պայմանների մասին։
Օդերևութաբանների և կլիմայագետների տվյալներով, ներկայիս շոգի ալիքն ուժեղացնում է անտառային հրդեհների սեզոնը, որն այս տարի սկսվել է սովորականից շուտ։ Փորձագետները ծայրահեղ ջերմաստիճանների և հրդեհների հաճախացման աճը կապում են կլիմայի փոփոխության հետևանքների հետ։
Source: https://news.am/hy/news/1047991