Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է «Սև օրենսգրքի» (Code Noir) չեղարկման օգտին. 17-րդ դարի գաղութատիրական այս օրենքը ստրկության պաշտոնական վերացումից հետո՝ ավելի քան 180 տարի շարունակ, իրավականորեն ամբողջությամբ չեղարկված չէր մնացել, գրում է The Guardian-ը:

Որոշումն ընդունվել է Ազգային ժողովում՝ 254 «կողմ» և ոչ մի «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Այն ավարտին է հասցնում 1685 թվականին Լյուդովիկոս 14-րդի թագավորի ստորագրած փաստաթղթի գոյությունը, որը կարգավորում էր ֆրանսիական գաղութներում ստրկացված մարդկանց իրավական կարգավիճակը և փաստացիորեն նրանց ամրագրում որպես սեփականություն։

«Սև օրենսգիրքը» բաղկացած էր 60 հոդվածից և մանրամասն նկարագրում էր ստրուկների կյանքի բոլոր կողմերը, ներառյալ նրանց վաճառքը, պատիժները և իրավունքների սահմանափակումները։ Մասնավորապես, հոդվածներից մեկն ուղղակիորեն ստրկացված մարդկանց սահմանում էր որպես «շարժական սեփականություն»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ այս փաստաթուղթը «երբեք չպետք է գոյատևեր 1848 թվականին ստրկության վերացումից հետո»՝ հավելելով, որ դրա գոյության երկարատև անտեսումը դարձել է «պատմական հիշողության վիրավորանքի ձև»։ Նա նշել է նաև, որ գաղութատիրական անցյալի համար հնարավոր փոխհատուցումների հարցը «չի կարելի բացառել», սակայն զգուշացրել է, որ Ֆրանսիան «չպետք է կեղծ խոստումներ տա»։

Խորհրդարանում ընթացող բանավեճերն ուղեկցվել են հուզական ելույթներով։ Մարտինիկայից ընտրված պատգամավոր Ստիվի Գյուստավը, որի նախնիները ստրկացված են եղել, հայտարարել է. «Ոչ մի քվեարկություն չի կարող բուժել կործանված կյանքերի դարերը: Մենք ազատ ծնված, իսկ հետո ստրկության հասցված մարդկանց հետնորդներն ենք»:

Օրենքի չեղարկման նախաձեռնող, Գվադելուպայից ընտրված պատգամավոր Մաքսիմ Մատիասենը նշել է, որ ինքը երկար ժամանակ չէր կարողանում կարդալ օրենսգրքի բնօրինակ տեքստը՝ հավելելով. «Դա ստեղծել են մարդկիկ՝ ընդդեմ մարդկանց»։ Նրա խոսքով՝ քվեարկությունը դարձել է «մեր նախնիների հիշողությունը և մեր մարդկությունը վերականգնելու միջոց»։

Պատմականորեն Ֆրանսիան եղել է երրորդ խոշոր ստրկավաճառ տերությունը Մեծ Բրիտանիայից և Պորտուգալիայից հետո. ըստ գնահատականների՝ շուրջ 1,4 միլիոն աֆրիկացի է տեղահանվել նրա գաղութներ։ Այդ հարստության զգալի մասը նպաստել է այնպիսի քաղաքների զարգացմանը, ինչպիսիք են Նանտը և Բորդոն։

Առանձնահատուկ նշանակություն ունեին Կարիբյան տարածաշրջանի գաղութները, ամենից առաջ՝ Սեն-Դոմինգոն (այժմ՝ Հայիթի)։ 1804 թվականին ստրուկների ապստամբությունից հետո Հայիթին անկախացավ, սակայն Ֆրանսիան պարտավորեցրեց նոր պետությանը փոխհատուցում վճարել նախկին ստրկատերերին. մի պարտք, որը պահպանվեց մինչև 1947 թվականը։

Թեև Ֆրանսիան պաշտոնապես ստրկությունը վերացրել է 1848 թվականին, նրա անդրծովյան տարածքները՝ Գվադելուպան, Մարտինիկան, Ֆրանսիական Գվիանան և Ռեյունիոնը, մնացին հանրապետության կազմում, սակայն երկար ժամանակ պահպանում էին տնտեսական և սոցիալական անհավասարությունը։ Այսօր, փորձագետների գնահատմամբ, այս տարածաշրջանները մետրոպոլիայի համեմատությամբ դեռևս բախվում են աղքատության և գործազրկության ավելի բարձր մակարդակի հետ։

Ֆրանսիայում Ստրկության հիշատակի հիմնադրամի փոխտնօրեն Պիեռ-Իվ Բոկեի կարծիքով՝ «Սև օրենսգիրքը» հիմք դարձավ այսպես կոչված «գաղութատիրական բացառիկության», որի դեպքում ազատության և հավասարության համընդհանուր սկզբունքները հավասարապես չէին կիրառվում բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Source: https://news.am/hy/news/1039215