Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Լիբանանի հարավում իսրայելական ուժերի գործողությունների, այդ թվում՝ միջնադարյան Բոֆորի ամրոցի գրավման հետ, BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Ըստ նրա, Փարիզը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն անթույլատրելի է համարում Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը։ «Ես խնդրել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որովհետև թեև մենք ճանաչում ենք Իսրայելի՝ ինչպես ցանկացած այլ երկրի, ինքնապաշտպանության իրավունքը, ոչինչ չի կարող արդարացնել Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունների շարունակումը և լիբանանյան տարածքի ավելի խոր օկուպացիան», — հայտարարել է Բարոն։

Հայտարարության առիթը դարձել է այն տեղեկությունը, որ իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական շրջանը և Բոֆորի ամրոցը, որը գտնվում է հարավային Լիբանանի բարձունքի վրա։ Ֆրանսիական կողմը տեղի ունեցողը դիտարկում է որպես իրավիճակի հետագա սրում և տարածաշրջանում կայունության խախտում։

Source: https://news.am/hy/news/1039778