Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են ուժեղացնել սահմանային ծառայությունների աշխատանքը՝ Շենգենյան գոտու երկրներ մուտք գործելիս նոր կենսաչափական ստուգումների ներդրումից հետո տրանսպորտային կոլապսի վերաբերյալ մտավախությունների ֆոնին, հայտնում է The Guardian-ը։
Բրիտանական իշխանությունների տվյալներով, ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկից հետո Լա Մանշով անցումներում հերթերը կարող են զգալիորեն աճել։ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Հեյդի Ալեքսանդերը հայտնել է, որ Փարիզը համաձայնել է ավելի շատ աշխատակիցներ ուղարկել սահմանային կետեր, որպեսզի արագացվի վերահսկողության անցումը։
Լոնդոնը նաև հատկացրել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ անցակետերի թողունակությունը մեծացնելու և սահմանին սպասման ժամանակը կրճատելու համար։
Ուշացումների պատճառ են դարձել եվրոպական Entry/Exit System (EES) համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, որը նախատեսում է ճանապարհորդների մատնահետքերի գրանցում և լուսանկարահանում։ Ըստ Ալեքսանդերի, կենսաչափական սարքավորումները դեռևս ամբողջ ծավալով չեն աշխատում, ուստի ուղևորների մի մասին հարկ է լինում ձևակերպել ձեռքով։
Դուվրի նավահանգստում նախազգուշացրել են, որ առաջիկա հանգստյան օրերին այնտեղով օրական կարող է անցնել շուրջ 12 հազար ավտոմեքենա, ինչը սովորական մակարդակից ավելի քան երեք անգամ բարձր է։ Մայիսին նոր ստուգումների գործարկումն արդեն հանգեցրել էր մինչև չորսուկես ժամ տևողությամբ ուշացումների։ Բրիտանացի պատգամավորները նախկինում զգուշացրել էին, որ առանց լրացուցիչ միջոցների սահմանին հնարավոր են «լիակատար քաոս և բազմակիլոմետրանոց խցանումներ»։
Source: https://news.am/hy/news/1049408