Ռուսաստանի հետ կապված Tagor տանկերի սեփականատերը ֆրանսիական իշխանությունների կողմից տուգանվել է 1 մլն եվրոյով (մոտ 1,1 մլն դոլար) այն բանից հետո, երբ նավը մայիսին կալանավորվել էր, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ֆրանսիական դատախազությանը։
Քննության տվյալներով՝ տանկերը մտնում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» մեջ, որն օգտագործվում է ռուսական նավթը արևմտյան պատժամիջոցները շրջանցելով փոխադրելու համար․ այդ պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Բրեստի դատախազ Ստեֆան Կելենբերժեն հայտնել է, որ դատախազության հետ համաձայնության շրջանակում նավին թույլ կտան լքել Ֆրանսիայի տարածքային ջրերը։ Տուգանքի հիմք են դարձել գործող պետական դրոշի բացակայությամբ նավարկելը և ֆրանսիական իշխանությունների պահանջները չկատարելը։
Նավի սեփականատերը՝ Մարշալյան կղզիներում գրանցված ընկերությունը, ընդունել է իր մեղքը։ Գործը քննվել է ֆրանսիական Բրեստ քաղաքում՝ մեղքի ընդունման պարզեցված ընթացակարգով։
Դատախազի խոսքով՝ նավատերը պարտավորվել է հնարավորինս շուտ տանկերի համար ձևակերպել նոր օրինական դրոշ։
ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Tagor նավը վերջին տարիներին բազմիցս փոխել է գրանցումը՝ նավարկելով Մադագասկարի, Մարշալյան կղզիների և Պանամայի դրոշների ներքո։
Սա արդեն Մոսկվայի հետ կապված չորրորդ տանկերն է, որ Ֆրանսիան կալանավորել է 2025 թվականի սեպտեմբերից ի վեր։ Մեկ այլ նավ՝ Deliver-ը, անցած ամիս բռնվել էր Սիցիլիայի ափերի մոտ և հինգշաբթի օրվա դրությամբ շարունակում էր մնալ կալանքի տակ Ֆրանսիայի հարավ-արևելքում։
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր նավերի նկատմամբ, որոնք, ըստ նրանց տվյալների, մտնում են ռուսական «ստվերային նավատորմի» մեջ և օգտագործվում են նավթի արտահանման համար՝ սահմանափակումները շրջանցելով։ Կրեմլում ավելի վաղ Ռուսաստանի հետ կապված նավերի կալանավորումները անվանել էին «միջազգային ծովահենության» դրսևորում։
Source: https://news.am/hy/news/1047407