Անօդաչու թռչող սարքերից բխող աճող սպառնալիքների ֆոնին՝ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը սկսում են զինծառայողներին հակադրոնային համակարգերի կիրառում ուսուցանել։ Այս մասին հայտնում է Yle-ն։

Հակաօդային պաշտպանության զորքերի տեսուչ, գնդապետ Մանո-Միկաել Նոկելայնենի հաղորդմամբ՝ արդեն այս աշնանը վերապատրաստում կանցնեն պայմանագրային զինծառայողները, իսկ 2027 թվականին նախատեսվում է ծրագրում ներառել նաև զորակոչիկներին։

Նոր համակարգերը կհամալրեն նաև ձևավորվող հակադրոնային պաշտպանության ստորաբաժանումների զինանոցը։ Զինվորականների խոսքով՝ այդ համակարգերն աչքի են ընկնում կիրառման պարզությամբ ու համեմատաբար ցածր արժեքով, ինչն առանձնահատուկ կարևոր է ժամանակակից զինված հակամարտությունների պայմաններում։

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը ՀՕՊ համակարգերից պահանջում է անօդաչուների դեմ պայքարի ավելի խնայող ու արդյունավետ մեթոդներ։

Հակադրոնային տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ֆիննական Sensofusion ընկերության հետազոտական ուղղության ղեկավար Միկո Հյուպյոնենը նշել է, որ հարձակման և պաշտպանության միջոցներն այնքան արագ են զարգանում, որ դրանց միջև, ըստ էության, մշտական «սպառազինությունների մրցավազք» է ընթանում։

Նա նաև զգուշացրել է, որ արհեստական բանականությամբ օժտված և ուժ կիրառելու որոշումն ինքնուրույն կայացնելու ընդունակ անօդաչուների ստեղծումն ընդամենը ժամանակի հարց է։

Source: https://news.am/hy/news/1049270