Ֆինլանդական Լահտի քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել են տասնյակ ֆուտբոլային երկրպագուներ։ Իրավապահները ձերբակալել են 48 մարդու, որոնց մեծ մասը Ֆինլանդիայի քաղաքացիներ են, հաղորդել է Yle-ն։

Ոստիկանությունը ենթադրում է, որ բախմանը կարող էին մասնակցած լինել HJK և FC Lahti ֆուտբոլային ակումբների երկրպագուները, սակայն առայժմ չի հստակեցնում, թե ձերբակալվածների մեջ կոնկրետ որ ակումբի կողմնակիցներ են եղել։ Մասնակիցների թվում եղել են նաև Լիխտենշտեյնի, Լեհաստանի, Իտալիայի և Ավստրիայի քաղաքացիներ։

Միջադեպը տեղի է ունեցել Պաասիկիվի հրապարակում՝ երկու թիմերի խաղից առաջ։ Ականատեսները հայտնել են ծխանռնակների, դիմակների օգտագործման, թռչող աթոռների և Iloinen Kulkija բարի կոտրված պատուհանների մասին․ այս հաստատությունը համարվում է FC Lahti-ի երկրպագուների հավաքատեղին։

Նախնական տվյալներով՝ ոստիկանությունը քննություն է վարում մի քանի հարձակման, ապօրինի դիմակներ կրելու, ինչպես նաև պիրոտեխնիկական միջոցների և այնպիսի առարկաների պահման դեպքերով, որոնք կարող էին օգտագործվել ծանր վնաս պատճառելու համար։ Իսկ հենց խաղի ընթացքում մարզադաշտում խաղը ժամանակավորապես դադարեցվել է երկրպագուների վառած ֆայերներից առաջացած ծխի պատճառով։

Source: https://news.am/hy/news/1049325