Սպորտային մեքենաների իտալական արտադրող «Ferrari NV»-ն ներկայացրել է իր առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենան, որը, սակայն, չի տպավորել ներդրողներին։ Երեքշաբթի օրվա սակարկությունների մեկնարկին ընկերության բաժնետոմսերի գինն անկում է ապրում։

Հնգատեղ «Luce» մոդելն ունի «Ferrari»-ի համար անսովոր ֆուտուրիստական դիզայն, որի հեղինակը «Apple Inc.»-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվն է։ Մեքենայի առավելագույն արագությունը 310 կմ/ժ է, իսկ էլեկտրաշարժիչի շնորհիվ այն 0-ից մինչև 100 կմ/ժ արագանում է ընդամենը 2,5 վայրկյանում, ինչն ավելի արագ է, քան 12 գլանանի «Purosangue» մոդելը։ Մեքենայի արժեքը կազմելու է 550 հազար եվրո, ինչի շնորհիվ «Luce»-ն կդառնա «Ferrari»-ի ամենաթանկարժեք մոդելներից մեկը։

«Luce»-ն հիշեցնում է «էլեկտրական Honda Accord EV-ի և Tesla 3-ի հիբրիդ»,— նշել է «AIR Capital» ընկերության վերլուծաբան Պիեռ-Օլիվիե Էսիգը։

Ferrari-ի ռազմավարությունը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը վաճառվող մոդելների 20%-ը կլինի ամբողջությամբ էլեկտրական։ Միևնույն ժամանակ, մեքենաների 40%-ը կահավորված կլինի ներքին այրման շարժիչներով, իսկ մնացած 40%-ը կլինեն հիբրիդներ։ Ընկերությունը տարեկան վաճառում է 14 հազարից պակաս մեքենա, և այդպիսի բացառիկությունն ու բարձր գինը նրա հաջող բիզնես մոդելի հիմնական գործոններն են։ Ferrari-ն Եվրոպայի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ավտոարտադրողն է։

«The Wall Street Journal»-ը նշում է, որ «Ferrari»-ի համար թույլ կողմ կարող է դառնալ էլեկտրամոբիլների վերավաճառքի շուկան, քանի որ էլեկտրական շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում ավելի շատ են կորցնում իրենց արժեքը, քան բենզինային շարժիչով աշխատողները։ Երկրորդային շուկան չափազանց կարևոր է իտալական ընկերության համար, որը պնդում է, թե իր արտադրած բոլոր մեքենաների մոտ 90%-ը դեռևս սարքին վիճակում է և շահագործվում է։ Ավելի վաղ ընկերությունը փորձել էր երկարացնել իր հիբրիդային մոդելների կյանքի տևողությունը՝ ընդլայնված ապահովագրության մեջ ներառելով մարտկոցների փոխարինումն ամեն ութ տարին մեկ։ Նույն ծառայությունը կգործի նաև «Luce» մոդելի համար։

Ferrari-ի բաժնետոմսերը երեքշաբթի օրը նվազել են 6%-ով։ Տարվա սկզբից ընկերության շուկայական արժեքը նվազել է 8,9%-ով՝ հասնելով 73,3 մլրդ եվրոյի։

Source: https://news.am/hy/news/1038440