Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի ավելի ներառական բազմակողմ համագործակցություն․ ֆեմինիստական դիվանագիտության առաջարկներ» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պանելային քննարկման վարողի հարցադրման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է բազմակողմ հարթակներում կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի և կանխարգելման կապին, ինչպես նաև նշյալ հարցերում կանանց դերակատարության բարձրացմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը մեծ դեր է խաղում ՄԱԿ-ի մյուս հենասյուների՝ անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի կամ ձախողման համար: Այս առումով կարևորվել է բոլոր երեք հենասյուների միջև համագործակցությունը և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Որպես Հայաստանի ներդրում այս ոլորտում ներկայացվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կողմից հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը, որը հստակ կոչ է անում ընդգրկել կանխարգելման օրակարգը ՄԱԿ բոլոր երեք հիմնասյուներում:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ ֆեմինիստական մոտեցումը խաղաղությանը և անվտանգությանը ոչ այնքան կանանց և աղջիկների պաշտպանությունն է բռնությունից, այլ նրանց մասնակցությունն է բռնության կանխարգելմանը։
Source: https://news.am/hy/news/1040868