Ճանապարհների 12 տեղամասի հատվածների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային 1 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար հատկացվել է 7,1 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հունիսի 4-ի նիստում։

Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նախագծով նախատեսված գումարն ուղղվելու է 26,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգմանը, ինչպես նաև մեկ կամրջի (Քուչակի կամրջի) ապամոնտաժմանն ու դրա տեղում նորի կառուցմանը։ Փոխնախարարն առանձնացրել է մի քանի ճանապարհներ, մասնավորապես՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու վերակառուցումը, Վաղարշապատ քաղաքի Դանգյան փողոցի 300 մետրանոց հատվածի նորոգումը, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Բջնու բերդ» պատմամշակութային հուշարձան տանող ճանապարհահատվածի արդիականացումը և այլն։

Source: https://news.am/hy/news/1040877