Այն քաղաքական ուժը, որն ուզում է համախմբել հայ հասարակությունը, պետք է բացառապես պրոֆեսիոնալիզմ դնի ամեն ինչի հիմքում, այլ ոչ թե մարդկանց բաժանի ըստ իրենց կուսակցական անցյալի՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագրի», Հայաստանի հանրապետական կուսակցության, թե «Օրինաց երկրի» նախկին ներկայացուցիչ։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հաղորդավարի այն դիտողությանը, թե դաշինքի նախընտրական թիմում ընդգրկվել են տարբեր ճամբարների գործիչներ։
Կարապետյանը խստորեն քննադատել է ներքաղաքական կյանքում արմատացած կլանայնությունը՝ կոչ անելով կառավարիչներին գնահատել ըստ իրենց մասնագիտական կարողությունների. «Պրոֆեսիոնալիզմը մեզ համար առաջնահերթություն է։ Այն ուժը, որը նպատակ ունի համախմբել հասարակությունը, չպետք է պառակտի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Ինչո՞ւ ենք մենք միշտ ուզում կլանայնություն մտցնել այնտեղ, որտեղ կա ընդհանուր ազգային գործ։ Թող մեր հասարակությունը, մեր ժողովուրդը վստահ լինի՝ յուրաքանչյուր ոք, ով նույնիսկ այսօր աշխատում է պետական համակարգում, ունի լավ դիրքավորում և պետության համար կարևոր աշխատանք է անում, աշխատելու է մեզ հետ։ Մենք մարդկանց բաժանում ենք ոչ թե ըստ քաղաքական անցյալի, այլ ըստ մաքուր ձեռքերի և պրոֆեսիոնալիզմի»։ Որպես ներքին իրավիճակի կայունացմանն ուղղված առաջնահերթ քայլ՝ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրի սոցիալական բլոկը, որը միտված է երկրում ծայրահեղ աղքատության հրատապ վերացմանը։
«Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող յուրաքանչյուր հնգանդամ ընտանիք, որն ունի հացի խնդիր, ամսական ստանալու է 150 հազար դրամ, որպեսզի կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Մեզ մոտ մի քանի տասնյակ հազար մարդ ունի նման խնդիր։ Մենք վեց ամսվա ընթացքում լուծելու ենք այդ հարցը»,- ընդգծել է Կարապետյանը։ Միևնույն ժամանակ, նա առանձնահատուկ մատնանշել է այս նախաձեռնության ֆինանսավորման ներքին տնտեսական մոդելը. «Մեծ մասամբ դրանք լինելու են հայկական գործարար աշխարհի, սփյուռքի գործարար աշխարհի ներդրումները, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցները»։
Source: https://news.am/hy/news/1040887