2026 թվականի հունիսի վերջին Եվրոպայում գրանցված ռեկորդային շոգը կտրուկ մեծացրել է չինական արտադրության շարժական օդորակիչների պահանջարկը, գրում է Bloomberg-ը։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Midea-ի օդորակիչների վաճառքը Եվրոպայում (սա կենցաղային տեխնիկայի խոշորագույն չինական արտադրողներից մեկն է) երկրորդ եռամսյակի արդյունքներով կարող է աճել 20%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընկերությունը նախապես պատրաստվել էր բարձր պահանջարկին՝ ձևավորելով շարժական օդորակիչների պաշարներ։

Վաճառքի մոտավորապես նույնպիսի աճ Եվրոպայում ակնկալում է նաև մեկ այլ չինական արտադրող՝ Haier Smart Home-ը։

Միևնույն ժամանակ վերլուծաբանները նշում են, որ Եվրոպայում օդորակիչների պահանջարկի աճը, հավանաբար, չի կարողանա փոխհատուցել չինական շուկայում վաճառքների անկումը, որը շարունակում է մնալ արտադրողների եկամուտների հիմնական աղբյուրը։ Չինական կենցաղային տեխնիկա արտադրողները շարունակում են բախվել թույլ ներքին պահանջարկի, պետական սուբսիդիաների կրճատման և հումքի թանկացման հետ։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ օդորակիչներով ապահովված են եվրոպական տնային տնտեսությունների մոտ 20%-ը, ինչը հնարավորություն է ստեղծում շարժական օդորակիչների վաճառքի հետագա աճի համար։ Ինչպես նշում է Bloomberg-ը, դա նաև կապված է Եվրոպայի երկրներում տներում մեծածավալ օդորակիչների տեղադրման վերաբերյալ տարբեր սահմանափակումների հետ։

2026 թվականի հունիսին Եվրոպան վերապրեց անոմալ շոգի հերթական ալիքը՝ 30 աստիճանից բարձր և նույնիսկ 40 աստիճանից բարձր ջերմաստիճաններով։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսյան ջերմաստիճանի նոր ռեկորդ, իսկ Իսպանիայի և Ֆրանսիայի համար հունիսի 23-ն ու 24-ը դարձել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրերը։

Source: https://news.am/hy/news/1048140