Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հնարավոր վերանայումը չի հանգեցնի Վարշավային տրամադրվող աջակցության կրճատմանը, այլ, ընդհակառակը, կարող է ճանապարհ հարթել երկրում ԱՄՆ մշտական զորակազմի ավելացման համար, հաղորդում է РАР գործակալությունը:

Ըստ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ինքը բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ և հաստատում է ստացել այն մասին, որ Լեհաստանը մնում է «օրինակելի դաշնակից», որն ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:

Կոսինյակ-Կամիշը նշել է, որ ամերիկյան զինվորականների տեղակայումը Լեհաստանի համար ներդրում է անվտանգության մեջ։ Այժմ երկրում ԱՄՆ շուրջ 10 հազար զինծառայող կա, իսկ նրանց ռոտացիան, ըստ նրա, պետք է վերականգնվի առաջիկա շաբաթներին։

Բանակցությունների առանցքային թեմաներից մեկը դարձել է Patriot զենիթահրթիռային համալիրների համար հրթիռների արտադրության և սպասարկման գործում Լեհաստանի հնարավոր դերը։ Վարշավան ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների և Շվեդիայի հետ միասին Եվրոպայում այդ համակարգերի համար PAC-3 հրթիռների սպասարկման կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել։

Լեհ նախարարը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի այն պետությունների թվում է, որոնց ԱՄՆ-ը կարող է փոխանցել Patriot հրթիռների արտադրության և վերանորոգմանն առնչվող տեխնոլոգիաները, դրանց թվում՝ Ուկրաինայի հետ ապագա համագործակցության շրջանակում։

Նա հայտնել է նաև հնարավոր փոխանակման շուրջ ընթացող բանակցությունների մասին. ուկրաինական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների դիմաց Ուկրաինային փոխանցել լեհական MiG-29 կործանիչները։ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ Վարշավան շահագրգռված է ուկրաինական բանակի փորձի օգտագործմամբ՝ սեփական պաշտպանական համակարգերը զարգացնելու համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Եվրոպայում ամերիկյան ուժերի թվաքանակի վերանայման մասին, ինչը մտահոգություն էր առաջացրել դաշնակիցների շրջանում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն ծրագրում էր կրճատել զորակազմի մի մասը Գերմանիայում և վերանայել զորքերի ռոտացիան Լեհաստանում։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Լեհաստանում ամերիկյան ներկայության ավելացման հնարավորության մասին։

Source: https://news.am/hy/news/1048932