Եվրոպայում բնական գազի բորսայական գները հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ բարձրացել են 1000 խորանարդ մետրի դիմաց 600 դոլարի սահմանագծից։ Այս մասին, վկայակոչելով սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նիդերլանդներում գտնվող եվրոպական ամենախոշոր գազային հաբի՝ TTF ինդեքսով գազի օգոստոսյան ֆյուչերսները առևտրային շրջանը սկսել են աճով՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց 587,1 դոլարի, ինչը 2,1 տոկոսով բարձր է նախորդ փակման մակարդակից։

Օրվա ընթացքում պայմանագրերի արժեքը շարունակել է աճել. առավոտյան գնանշումները հասել են 592,5 դոլարի (+3%), իսկ ցերեկը գինը բարձրացել է մինչև 600,3 դոլար՝ արձանագրելով 4,4 տոկոսի աճ։ Նախորդ առևտրային օրվա հաշվարկային գինը կազմել է 575,2 դոլար։

Գների աճը տեղի է ունենում եվրոպական գազի պաշարների վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Ավելի վաղ «Գազպրոմ»-ից հայտնել են, որ 2026 թվականի մայիսին եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի մղման ռեկորդային ցածր տեմպեր են գրանցվել։ Գազապահեստարանների համատեղ ռեեստրի (AGSI) տվյալներով՝ ապրիլի վերջի դրությամբ գերմանական ստորգետնյա պահեստարանների լցվածության մակարդակը կազմել է մոտ 25,4 տոկոս։

Source: https://news.am/hy/news/1049541