Հավանաբար, միջնադարյան եվրոպական գրականության ստեղծագործությունների մեծ մասը չի հասել մեր օրերին։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը, որը մշակել է մաթեմատիկական մոդել՝ թույլատրելով գնահատել ձեռագրական ժառանգության կորստի ծավալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS Nexus ամսագրում։
Մինչ գրատպության գյուտը բոլոր գրքերը ձեռքով էին արտագրվում։ Յուրաքանչյուր արտագրող անխուսափելիորեն փոփոխություններ էր մտցնում՝ պատահական սխալներ, ուղղումներ, կրճատումներ կամ նույնիսկ սեփական հավելումներ։ Ժամանակի ընթացքում նման տարբերությունները կուտակվում էին, ինչի շնորհիվ ժամանակակից բանասերները կարող են կառուցել ձեռագրերի յուրատեսակ «տոհմաբանական ծառեր», որոնք կոչվում են ստեմմաներ։
Իր սկզբունքով դրանք հիշեցնում են էվոլյուցիոն ծառերը, որոնք կենսաբաններն օգտագործում են կենդանի օրգանիզմների ծագումն ուսումնասիրելու համար։
Սակայն նման սխեմաները կառուցվում են միայն պահպանված ձեռագրերի հիման վրա և հաշվի չեն առնում ամբողջությամբ անհետացած ստեղծագործությունները։
Կորուստների իրական մասշտաբը գնահատելու համար Ժան-Բատիստ Կամպի ղեկավարությամբ հետազոտողները կիրառել են բարդ համակարգերի տեսության մեթոդներ և գործակալահեն համակարգչային մոդելավորում։ Որպես նյութ օգտագործվել են հին ֆրանսերեն ասպետական պատումներ, որոնք ստեղծվել են մոտավորապես XII-ից XV դարերի միջև։
Հաշվարկները ցույց են տվել, որ մեր օրերը կարող էր չհասնել այդ ժամանակաշրջանում գոյություն ունեցած գրական ստեղծագործությունների մոտ 60%-ը։ Իսկ հենց ձեռագրերի համար գնահատականներն ավելի տպավորիչ էին․ հեղինակների հաշվարկներով կորսվել է միջնադարյան բոլոր մանուսկրիպտների ավելի քան 95%-ը։
Հատկապես կարևոր են եղել նոր ստեղծագործության ստեղծումից հետո առաջին տարիները։ Եթե տեքստը հասցնում էին արտագրել ընդամենը մի քանի անգամ, դրա լիովին անհետանալու հավանականությունը կտրուկ աճում էր։ Ընդհակառակը, այն ստեղծագործությունները, որոնք իրենց գոյության առաջին տասնամյակներում լայն տարածում էին ստանում, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեին վերապրելու պատերազմները, հրդեհները, համաճարակները և այլ պատմական ցնցումները։
Մոդելը նաև ցույց է տվել, որ պահպանված գրեթե ոչ մի ստեղծագործություն, հավանաբար, չի արտացոլում սկզբնական հեղինակային խմբագրությունը։
Մեզ հասած բոլոր տեքստերը ավելի ուշ պատճենների ժառանգներն են, մինչդեռ բնօրինակ տարբերակները, ամենայն հավանականությամբ, կորել են դեռևս Միջին դարերում։ Օրինակ՝ հանրահայտ «Ռոլանդի երգի» իսկական սկզբնական տարբերակը կարող է անդառնալիորեն կորսված լինել։
Հեղինակները ընդգծում են, որ գրական ստեղծագործությունների ճակատագիրը հաճախ որոշվել է պատահական իրադարձություններով։ Հազարավոր ձեռագրերի անհետացմանը կարող էին հանգեցնել Սև մահվան համաճարակը, պատերազմները, տարերային աղետները, վանական գրադարանների հրդեհները և այլ պատմական աղետներ։
Հետազոտողների կարծիքով՝ մշակութային ժառանգությունը շատ ավելի փխրուն է եղել, քան ընդունված է համարել, իսկ միջնադարյան գրականության մասին ժամանակակից պատկերացումը ձևավորվել է ոչ միայն ստեղծագործությունների գեղարվեստական արժեքի շնորհիվ, այլև պատահականության ազդեցությամբ։
Source: https://news.am/hy/news/1048538