Եվրոպական երկրները դիտարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ծառայությունների համար կամավոր վճարների համակարգ ներդնելու հնարավորությունը՝ համաշխարհային կարևորագույն ծովային երթուղիներից մեկի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։

Խոսքը նավերի անցման համար պարտադիր տուրքեր սահմանելու մասին չէ, այլ նավագնացության անվտանգության ապահովման հետ կապված կոնկրետ ծառայությունների հնարավոր վճարման։ Աղբյուրների տվյալներով՝ նման սխեման կարող է հիմնված լինել Մալակայի նեղուցում և միջազգային այլ ջրային ուղիներում կիրառվող մոդելի վրա։

Միացյալ Թագավորության փոխվարչապետ Դեվիդ Լեմին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցման համար պարտադիր վճարների սահմանումը «աղետալի» կլիներ։ Միևնույն ժամանակ, բրիտանական իշխանությունները նշում են, որ նավարկության ծառայությունների դիմաց կամավոր վճարները կարող են համապատասխանել միջազգային պրակտիկային՝ Միջազգային ծովային կազմակերպության (IMO) հետ համաձայնեցման պայմանով։

Այս առաջարկը, որը հիմնված է Մալակայի նեղուցի կառավարման սկզբունքների վրա, ավելի վաղ մշակվել էր Օմանի կողմից՝ բրիտանացի իրավաբանների հետ համատեղ։ Մասկատն առաջարկել է իր մասնագետներին գործուղել Թեհրան՝ նախաձեռնության մանրամասները պարզաբանելու համար։

Իրավիճակը քննարկվում է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը Իրանից պահանջում է հրապարակայնորեն հաստատել Հորմուզի նեղուցի բաց լինելն ու երաշխավորել առևտրային նավերի վրա հարձակումների դադարեցումը։ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվածությունների պահպանման հետ կապված խնդիրները պայմանավորված են իրանական ղեկավարության ներսում առկա տարաձայնություններով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ հրադադարի մասին ժամանակավոր համաձայնագիրը համարում է ավարտված, սակայն նշել է, որ երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Իրանից հայտնել են, որ արտգործնախարար Աբաս Արաղչին կայցելի Օման՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս այցը կլինի Օմանի հետ խորհրդակցությունների շարունակությունը։

Պարբերականի տեղեկություններով՝ Օմանը, որը վերահսկում է նեղուցի նավարկելի ջրերի զգալի մասը, դեմ է պարտադիր տուրքերին։ Երկրի ներկայացուցիչներն ընդգծում են, որ միջազգային նեղուցներով տարանցիկ անցման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքով։

Միևնույն ժամանակ, Մասկատը հնարավոր է համարում նավարկության ծառայությունների դիմաց վճարման կամավոր մեխանիզմների քննարկումը, ինչը կարող է բարձրացնել նավագնացության անվտանգությունը, նվազեցնել վթարների ռիսկերն ու պաշտպանել ծովային միջավայրը։

Իրանական նախագիծը դեռևս տարաձայնությունների տեղիք է տալիս։ Տարածաշրջանի երկրների որոշ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ նեղուցի նկատմամբ Թեհրանի կողմից փաստացի վերահսկողության սահմանումը կարող է վտանգել նավագնացության ազատությունը։ Դիվանագետները նաև նշում են, որ տարաձայնություններ կան հենց Իրանի ներսում՝ համագործակցության կողմնակիցների և ավելի կոշտ գծի կողմնակիցների միջև։

Հորմուզի նեղուցն աշխարհի առանցքային էներգետիկ երթուղիներից մեկն է. դրանով է անցնում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։

Source: https://news.am/hy/news/1049222