Մեծ է հավանականությունը, որ Եվրոպան գալիք ջեռուցման սեզոնը կդիմավորի գազի ստորգետնյա պահեստարանների (ԳՍՊ)՝ վերջին 15 տարվա կտրվածքով ամենացածր պաշարներով, ինչը ձմռանը կարող է հանգեցնել բիզնեսի և բնակչության համար գների կտրուկ աճի։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Wood Mackenzie խորհրդատվական ընկերության կանխատեսմանը։

Ըստ ընկերության գնահատականների՝ պաշարների կուտակման սեզոնի ավարտին (որը սովորաբար տևում է ապրիլից հոկտեմբեր) եվրոպական պահեստարանները լցված կլինեն ընդամենը 76%-ով։ Gas Infrastructure Europe (GIE)-ի փոխանցմամբ՝ սա կլինի ամենացածր ցուցանիշն առնվազն 2011 թվականից ի վեր։ Ինչպես գրում է FT-ն, ներկայիս դեֆիցիտը պայմանավորված է ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքներով, ինչի պատճառով դադարեցվել են Հորմուզի նեղուցով հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, ինչպես նաև կրճատվել է Կատարում և ԱՄԷ-ում իրականացվող արդյունահանումը։

Մեկ այլ բացասական գործոն են Եվրամիության ծրագրերը՝ հունվարի 1-ից ամբողջական արգելք սահմանել ռուսական ՀԲԳ-ի նկատմամբ, որի մասնաբաժինն այսօր կազմում է եվրոպական հեղուկացված գազի ընդհանուր ներմուծման մոտ 14%-ը։ Պարբերականը նշում է, որ հատկապես ցուրտ ձմեռվանից հետո ԵՄ պահեստարանները պաշարների համալրման փուլն սկսել են ընդամենը 28% լցվածությամբ, ինչը զգալիորեն ցածր է տարվա այս ժամանակահատվածի սովորական մակարդակից։ GIE-ի տվյալներով՝ ներկայումս դրանց միջին լցվածությունը կազմում է 48%։

Հունվարի 26-ին ԵՄ Խորհուրդը վերջնականապես հաստատել է 2027 թվականի հունվարի 1-ից ռուսական ՀԲԳ-ի, իսկ նույն տարվա սեպտեմբերի 30-ից՝ խողովակաշարային գազի մատակարարումների ամբողջական արգելքը։ Ընդ որում, կարճաժամկետ պայմանագրերով ՀԲԳ ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել դեռևս 2026 թվականի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազի մատակարարման նմանատիպ պայմանագրերը պետք է դադարեցվեին մինչև հունիսի 17-ը։

Source: https://news.am/hy/news/1046559