Հուլիսի 15-ի առավոտյան, Եվրահանձնաժողովի նախագահից բացի, Կիև են ժամանել եվրոպական պետությունների բազմաթիվ այլ լիդերներ։ Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ֆակտի ICTV»-ն և «Սուսպիլնե»-ն հրապարակել են նրանց գնացքով ժամանման կադրերը։
Ժամանման վայրում գտնվող թղթակիցների լուսանկարներում ու տեսանյութերում երևում են Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը (որի հանդիպումը Զելենսկու հետ վաղուց էր սպասվում), Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը և Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան։
Կադրերում պատկերված են նաև Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը և Չեռնոգորիայի արտաքին ու եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։
Իր ժամանման մասին առաջինը հայտնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ղեկավարները Կիև են ժամանել՝ «Հարավարևելյան Եվրոպա – Ուկրաինա» գագաթնաժողովին մասնակցելու համար, որի անցկացման օրն ու վայրը նախապես պաշտոնապես չէին հայտարարվել։ 2025 թվականին թվով չորրորդ նմանատիպ գագաթնաժողովն անցկացվել էր Օդեսայում, իսկ դրան նախորդողը՝ խորվաթական Դուբրովնիկում։
Source: https://news.am/hy/news/1049924