Եվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրը հիմնականում աճ են գրանցել․ բացառություն են կազմել միայն բրիտանական և ամփոփիչ ցուցանիշները։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ինդեքսն աճուրդն ավարտել է 0,12% անկումով (հասնելով 649,19 կետի), թեև առևտրային շրջանի ընթացքում հասել էր ռեկորդային՝ 656,67 կետի։

Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,27%-ով։ Փոխարենը՝ գերմանական DAX-ն աճել է 0,07%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,28%-ով, իսկ իտալական FTSE MIB-ն ու իսպանական IBEX 35-ը բարձրացել են 0,13%-ով։

Շուկայի մասնակիցները գնահատում էին եվրոպական վիճակագրական տվյալները, նորություններն ու ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։

Եվրամիության վիճակագրական վարչության նախնական տվյալներով՝ հուլիսին եվրագոտում սպառողական գների աճը տարեկան կտրվածքով արագացել է՝ հունիսյան 2,8%-ից հասնելով 2,9%-ի։ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացիայի պատճառով էներգակիրների արժեքը հուլիսին աճել է 10%-ով՝ նախորդ ամսվա 8,5%-ի համեմատ։

Ֆրանսիայում ԵՄ ստարնդարտներով հաշվարկված տարեկան գնաճը կազմել է 2,4% (հունիսի 2%-ի դիմաց), իսկ Իտալիայում՝ 2,9% (3%-ի դիմաց)։

Stoxx 600 ինդեքսի կազմում ամենամեծ անկումը գրանցել է Universal Music-ը (-25,4%)։ Աշխարհի խոշորագույն ձայնագրման ընկերությունը ուրբաթ հայտնել է, որ առաջին կիսամյակում իր զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է յոթ անգամ, թեև հասույթն աճել է 5,3%-ով։

Ամփոփ ինդեքսում ամենամեծ աճն արձանագրել է հաճախորդների սպասարկման աութսորսինգային ծառայություններ մատուցող Teleperformance ընկերությունը։ Վերջինիս կապիտալիզացիան ավելացել է 13,2%-ով՝ եռամսյակային ուժեղ ֆինանսական ցուցանիշների ֆոնին։

Աերոտիեզերական և ռազմական տեխնիկա արտադրող իտալական Leonardo ընկերության գնանշումներն աճել են 2,6%-ով։ Ընկերությունը հայտնել է առաջին կիսամյակում նոր պատվերների ծավալի 45% աճի մասին, ինչպես նաև բարելավել է այդ ցուցանիշի տարեկան կանխատեսումը։

Դանիական Novo Nordisk-ի արժեթղթերը էժանացել են 7,3%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է սրտանոթային և նյութափոխանակային հիվանդությունների բուժման համար նախատեսված իր փորձարարական դեղամիջոցի փորձարկման անբավարար արդյունքների մասին։

BP Plc-ն հայտնել է Հյուսիսային ծովում իր բիզնեսի վաճառքի գործընթաց սկսելու մասին և 1,8%-ով ավելացրել կապիտալիզացիան։

Այլ նավթային ընկերությունների շարքում Shell-ի շուկայական արժեքն ավելացել է 1,9%-ով, TotalEnergies-ինը՝ 1,1%-ով, Eni-ինը՝ 0,3%-ով, իսկ Equinor-ինը՝ 0,8%-ով։

NatWest-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 3,2%-ով։ Բրիտանական բանկի նախահարկային շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 29%-ով՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները։ Բացի այդ, NatWest-ը բարձրացրել է եռամսյակային շահութաբաժինները և հայտարարել տարվա արդյունքներով բաժնետոմսերի հետգնման ծրագիր սկսելու դիտարկման մասին (նախատեսվածից վեց ամիս շուտ)։

International Consolidated Airlines Group S.A.-ի գնանշումները նվազել են 1,5%-ով։ Ավիախմբի գործառնական շահույթը երկրորդ եռամսյակում ընկել է 25%-ով՝ փոխադրումների ծավալների կրճատման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով վառելիքի թանկացման պատճառով։

Գերմանական DAX ինդեքսի աճի առաջատարների տասնյակում են հայտնվել Infineon Technologies-ը (+3,7%), RWE-ն (+1,6%) և SAP-ը (+1,1%), իսկ ֆրանսիական CAC 40-ի կազմում՝ Compagnie de Saint-Gobain-ը (+6,9%), Euronext-ը (+6,2%) և Engie-ն (+4%)։ Ֆրանկֆուրտում ամենամեծ կորուստներն են կրել Scout24-ը (-3,6%), Symrise-ը (-3%) և Zalando-ն (-2,4%), իսկ Փարիզում՝ Veolia Environnement-ը (-3,7%), Orange-ը (-3%) և Accor-ը (-2,9%)։

Source: https://news.am/hy/news/1053182