Եվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրվա սակարկություններն ավարտել են անկմամբ՝ հետևելով նավթային և տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գների նվազմանը։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համաթիվը շուկայի փակման պահին նվազել է 0,68%-ով՝ հասնելով 635,88 կետի։ Բրիտանական FTSE 100-ը կորցրել է 0,21%, գերմանական DAX-ը՝ 1,29%, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,55%, իտալական FTSE MIB-ը՝ 1%, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,45%։

Նավթի գներն ուրբաթ օրը կտրուկ անկում են ապրել այն լուրերի ֆոնին, որ Հորմուզի նեղուցով վառելիքի մատակարարումները կարող են ավելանալ։ Այս ֆոնին էժանացել են BP (-2,4%), Eni (-1,3%), TotalEnergies (-1,3%) և Shell (-0,9%) ընկերությունների բաժնետոմսերը։

Միևնույն ժամանակ, անկում են ապրել նաև կիսահաղորդիչների ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի գները։ Ներդրողների շրջանում ավելանում են այն մտահոգությունները, որ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի արժեքը չափազանց ուռճացված է, իսկ չիպերի գների կտրուկ բարձրացումն ուժեղացնում է տնտեսությունում գնաճային ճնշումների աճի վախերը։

STMicroelectronics-ի թղթերի արժեքը նվազել է 4,6%-ով, Infineon Technologies-ինը՝ 4,5%-ով, ASM International-ինը՝ 4,3%-ով, BE Semiconductor-ինը՝ 2,2%-ով, իսկ ASML Holding-ինը՝ 1%-ով։

Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրողներ Ericsson և Nokia ընկերությունների բաժնետոմսերը համապատասխանաբար էժանացել են 1,7%-ով և 6,5%-ով։

Օնլայն ռիթեյլեր (առցանց առևտրի հարթակ) Zalando-ի բաժնետոմսերը գրանցել են 6,3% անկում այն տեղեկությունից հետո, որ գերմանական ֆինանսական կարգավորողը (BaFin) ստուգում է ընկերության 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաշվապահական հաշվառման սկզբունքների հնարավոր խախտումների կասկածանքով։

Volkswagen-ի կապիտալիզացիան (շուկայական արժեքը) նվազել է 3,9%-ով։ Ավտոարտադրողը նախատեսում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում կրճատել մինչև 100 հազար աշխատատեղ և դադարեցնել արտադրությունը Գերմանիայում գտնվող իր չորս գործարաններում։ Այս մասին հայտնում է Manager Magazin պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Աերոտիեզերական և պաշտպանական ոլորտների համար համալրող մասեր արտադրող ֆրանսիական Safran ընկերության շուկայական արժեքը նվազել է 3,2%-ով։ Սա տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, որ ընկերությունը բանակցություններ է վարում ծովային ականների ոչնչացման համար նախատեսված անօդաչու սարքեր արտադրող Exail Technologies-ը 2,2 միլիարդ եվրոյով գնելու շուրջ։

Այս լուրերի ֆոնին Exail-ի բաժնետոմսերի գինը թռիչքաձև աճել է 25%-ով։

Unilever-ի արժեթղթերը թանկացել են 0,3%-ով։ Financial Times թերթը հայտնել է, որ ընկերությունը դիտարկում է սննդային հավելումների ամերիկյան արտադրող Thorne-ը գնելու հնարավորությունը, որը գնահատվում է 4 միլիարդ դոլար։

Ուրբաթ օրվա սակարկություններում համաթվի ամենամեծ աճն արձանագրել են բրիտանական Wise ֆինտեխ ընկերության բաժնետոմսերը (+9,6%)։ Մարտի 31-ին ավարտված 2026 ֆինանսական տարվա ընկերության հաշվետվությունը սպասվածից ավելի լավն է եղել։

Source: https://news.am/hy/news/1046548