Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցություններում սեփական պահանջները դնել Ռուսաստանի առաջ։ Հարցը քննարկվելու է ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ Կալասի խոսքով՝ Մոսկվան փորձում է Եվրոպային ներքաշել մի դատարկ վեճի մեջ, թե ով իրավունք ունի խոսելու ամբողջ մայրցամաքի անունից, ինչը, ըստ նրա, պարզապես թակարդ է։
Եվրամիության գլխավոր դիվանագետը հստակեցրել է, թե ինչ պահանջներ կարող են դրվել Ռուսաստանի առաջ։ Նա առաջարկել է Մոսկվայի նկատմամբ կիրառել նույն այն սահմանափակումները, որոնք քննարկվում են Ուկրաինայի դեպքում։ «Եթե Ուկրաինայից ռազմական ոլորտի սահմանափակումներ են պահանջում, ապա նույնը, հայելային տարբերակով, պետք է արվի նաև Ռուսաստանի պարագայում»,- նշել է նա։ Կալասի խոսքով՝ Եվրոպայի անվտանգության շահերից է բխում, որ ռուսական զորքերը դուրս գան Վրաստանից ու Մոլդովայից։ «Այո՛, սա առավելագույն չափով պահանջ ներկայացնելու մոտեցում է, բայց չէ՞ որ Ռուսաստանն ինքն էլ էր ժամանակին իր առավելագույն պահանջները դնում»,- ավելացրել է նա։
Ինչպես հայտնում է Politico-ն, քանի որ ԱՄՆ-ն աստիճանաբար նվազեցնում է իր դերակատարումը, Եվրամիությունում արդեն քննարկում են, թե ովքեր կարող են ներկայացնել Եվրոպան Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։ Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության կողմնակիցները որպես հնարավոր թեկնածուներ նշում են Եվրոխորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, Ֆինլանդիայի նախկին նախագահ Սաուլի Նիինիստյոյին, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Ֆինլանդիայի գործող նախագահ Ալեքսանդր Ստուբին։ Այդուհանդերձ, ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են շտապում բանակցել։ Օրինակ՝ Կայա Կալասն ու Գերմանիան կարծում են, որ առայժմ վաղ է կոնկրետ բանագնաց նշանակելու համար։ Ինչպես անանուն մնացած եվրոպացի պաշտոնյաներից մեկն է պարզաբանել գործակալությանը. «Մենք նախևառաջ պետք է ինքներս մեզ համար հստակեցնենք, թե ընդհանրապես ինչ ենք ուզում խոսել Ռուսաստանի հետ»։
Source: https://news.am/hy/news/1039121
World
Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանից պահանջել կրճատել բանակը և դուրս բերել զորքերը Հարավային Օսիայից, Աբխազիայից ու Մերձդնեստրից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։