Եվրոպական պետությունների նախարարները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ իր ապագա տնտեսական հարաբերություններում ոչ մի հատուկ արտոնություն չի ստանա։ Դա ևս մեկ ծանր հարված է ապրանքների հատուկ միասնական շուկա ստեղծելու շուրջ պայմանավորվելու վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հույսերին, գրում է Guardian-ը։
Ինչպես հայտնել են փակ քննարկումների ընթացքին ծանոթ երեք դիվանագիտական աղբյուրներ, ԵՄ եվրոպական գործերի նախարարները երեքշաբթի անցկացված հանդիպմանը ցանկություն են հայտնել խորացնելու համագործակցությունը Լոնդոնի հետ, սակայն ընդգծել են, որ դա պետք է տեղի ունենա միության հիմնարար սկզբունքներին խիստ համապատասխան։ Դրանցից գլխավորը ԵՄ քաղաքականության մեջ «ընտրողական մասնակցության» (cherry-picking) արգելքն է։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ բրիտանական կառավարությունը պաշտոնապես Բրյուսելին առաջարկել է ստեղծել Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև ապրանքների մեկուսացված միասնական շուկա, սակայն եվրոպացի պաշտոնյաներն անմիջապես մերժել են այս նախաձեռնությունը:
Նման քայլը, որին երկար ժամանակ ակնարկում էին Քիր Սթարմերը և Գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվզը, ԵՄ բազային դոգմաներից արմատական նահանջ կլիներ։ Գրեթե տասը տարի առաջ տեղի ունեցած Բրեքզիթի հանրաքվեից ի վեր Եվրամիության առաջնորդներն անփոփոխ կրկնում են, որ միասնական շուկան հիմնված է չորս անբաժանելի ազատությունների վրա.
Ըստ ԵՄ աղբյուրների՝ եվրոպացի նախարարները բնավ ցանկություն չունեն հավանություն տալ բրիտանական այն հայեցակարգին, որը ենթադրում է ազատություն միայն ապրանքների համար։
«ԵՄ անդամ պետությունները հաստատեցին մեր հարաբերությունների հիմքում ընկած գոյություն ունեցող իրավական բազայի անխախտելիությունը։ Մենք շարունակում ենք շեշտը դնել չորս ազատությունների անբաժանելիության, իրավունքների և պարտականությունների հավասարակշռության, ԵՄ-ի՝ որոշումների ընդունման հարցում ինքնավարության և ընտրողական մոտեցման անթույլատրելիության վրա»,- եզրափակել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Լոնդոնի հետ հարաբերությունները համակարգող եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հանգել է այն եզրակացության, որ «ԵՄ-ն պահպանում է միասնությունը կապերը խորացնելու իր ձգտման մեջ, մինչդեռ հենց Մեծ Բրիտանիայի գծած «կարմիր գծերը» գնալով ավելի ու ավելի են զսպում այդ առաջընթացը»։ Եվրոպական հանձնաժողովում հրաժարվել են մեկնաբանություններից։
Փարիզը հասկացնել է տվել, որ փոխված աշխարհաքաղաքական լանդշաֆտի հետնապատկերում պատրաստ է ողջունել Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ լիարժեք միասնական շուկա և մաքսային միություն։ Բրյուսելի պաշտոնյաներն ընդգծում են նաև, որ այս տարբերակները Լոնդոնի համար բաց են մնում ցանկացած պահի։
Սակայն բլոկի մի շարք երկրներ թերահավատորեն են գնահատում «ուրիշի կանոններն ընդունող կողմ դառնալու Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը»։ Առանց ԵՄ-ին լիարժեք անդամակցության՝ միասնական շուկա մուտք գործելը Լոնդոնին կզրկի եվրոպական նոր օրենքների և չափանիշների մշակման ու հաստատման գործում ձայնի իրավունքից։
«Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերություններն այժմ լավագույնն են շատ երկար ժամանակվա մեջ,- նշել է ԵՄ երկրորդ դիվանագետը,- Բայց Լոնդոնը դեռ ուզում է և՛ ձուկը բռնել, և՛ ջրից չթրջվել։ Մենք գնահատում ենք կայունությունը և ցանկանում ենք միասին աշխատել, բայց դա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն հավասար գործընկերներ են»։
Այս ֆոնին՝ Սթարմերի հայտարարած Բրյուսելի հետ հարաբերությունների «վերագործարկման» ռազմավարության վերաբերյալ ավելի ու ավելի շատ հարցեր են առաջանում։ ԵՄ-Մեծ Բրիտանիա վաղուց սպասված գագաթնաժողովի ստույգ ամսաթիվը դեռևս նշանակված չէ. նախնական օրացույցում նշված է հուլիսի 13-ը։
Source: https://news.am/hy/news/1038927
World
Եվրամիությունը մերժել է Մեծ Բրիտանիային հատուկ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։