Եվրամիությունը դարձյալ չի կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, սակայն որոշել է մինչև հուլիսի 23-ը պահպանել ռուսական նավթի գնի գործող առավելագույն շեմը՝ սահմանափակումների հաջորդ փաթեթի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Նման որոշում են ընդունել ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հուլիսի 15-ին անցկացված Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում։

Ինչպես անանունության պայմանով հայտնել է ԵՄ դիվանագետը, անդամ երկրները համաձայնել են ևս մեկ շաբաթով պահպանել գործող գնային առավելագույն շեմը, որպեսզի ժամանակ շահեն պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ մնացած տարաձայնությունները քննարկելու համար, ներառյալ առաջարկվող մի շարք միջոցառումների տնտեսական և տեխնիկական հետևանքները։ Թե կոնկրետ որ միջոցների մասին է խոսքը, դիվանագետը չի հստակեցրել, գրում է DW-ն։

Բրյուսելում հուլիսի 13-ին ԵՄ երկրների արտգործնախարարները ևս չէին կարողացել համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, գլխավոր խոչընդոտը ոչ թե տեխնիկական մանրամասներն են, այլ անդամ երկրների պատրաստակամությունը՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք հղի են հենց իրենց համար կարճաժամկետ տնտեսական և քաղաքական կորուստներով։

Source: https://news.am/hy/news/1050037