Եվրոպական միություն վերադառնալը Մեծ Բրիտանիայի խնդիրները «կախարդանքով» չի լուծի, նույնիսկ եթե երկրի երկարաժամկետ ապագան կապված է Եվրոպայի հետ։ Դրա մասին կհայտարարի բիզնեսի և առևտրի նախարար Փիթեր Քայլը։
Վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ խոստացել էր բարելավել առևտրային կապերը երկրի խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ և քննադատել էր Բրեքսիթի սկզբնական համաձայնագրի հասցրած տնտեսական վնասը, սակայն նա լիովին մերժել է դաշինքի կազմ վերադառնալու հնարավորության մասին ցանկացած ենթադրություն։
Ընդսմին, տեղական և տարածքային ընտրություններում կրած ցավոտ պարտությունները հարցականի տակ են դրել հենց Սթարմերի կողմից իշխանության պահպանումը, իսկ նրա տեղի համար հնարավոր թեկնածուները այս հարցը վերադարձրել են քաղաքական օրակարգի գագաթնակետ՝ խոսելով ապագայում դաշինքին հնարավոր վերամիավորման մասին։
«Ես դեռ հավատում եմ, որ Մեծ Բրիտանիայի ապագան կապված է Եվրոպայի հետ։ Բայց ես կարծում եմ նաև, որ մենք պետք է ազնիվ լինենք այն հարցում, թե որտեղ ենք գտնվում հիմա»,- նշում է Քայլը առևտրի հարցերին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքի ժամանակ իր ունենալիք ելույթի հատվածներում։
Նախարարը հուսախաբություն է հայտնել այն կապակցությամբ, որ 2016 թվականի հանրաքվեից առաջ ԵՄ-ից դուրս գալու արշավի ժամանակ որոշ քաղաքական գործիչներ ներշնչում էին, թե Բրեքսիթը կլուծի Մեծ Բրիտանիայի բոլոր խնդիրները։ Սակայն նա հավելել է, որ «ճիշտ այդպես էլ վաղը ԵՄ վերադառնալը դրանք կախարդանքով չի լուծի»։
«Ինձ անհանգստացնում է, որ հիմա ոմանք թույլ են տալիս ճիշտ նույնպիսի, բայց հակառակ սխալը՝ ենթադրելով, թե մեր բոլոր տնտեսական դժվարություններից ելքը, և շատ ավելին, կարող է գտնվել միությանը վերանդամակցվելու միջոցով»։
Source: https://news.am/hy/news/1040688