Մայիսի 28-ին Եվրոպական հանձնաժողովը Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն՝ 200 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել «Temu» առցանց հարթակի նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրահանձնաժողովից։
Ինչպես պնդում է Եվրահանձնաժողովը, «Temu» ընկերությունը պատշաճ կերպով չի ապահովել իր հարթակում անօրինական ապրանքների առաջարկի հետ կապված համակարգային ռիսկերի, ինչպես նաև Եվրոպական միության սպառողներին դրանով հասցվող վնասի բացահայտումը, վերլուծությունն ու գնահատումը։
Եվրահանձնաժողովի տրամադրության տակ եղած ապացույցները վկայում են այն մասին, որ ԵՄ սպառողները «Temu»-ում անօրինական ապրանքների հանդիպելու մեծ հավանականություն ունեն։
«Ռիսկերի գնահատումը ոչ թե ձևական ընթացակարգ է, այլ Թվային ծառայությունների մասին օրենքի հիմքը։ Temu-ի կողմից իրականացված ռիսկերի գնահատումը թերագնահատում է կոնկրետ վտանգները, հստակ չէ, հիմնված չէ հավաստի ապացույցների վրա և սպառիչ չէ։ Այն կարգավորող մարմիններին, օգտատերերին և հանրությանը թողնում է անորոշության մեջ Temu-ում վաճառվող անօրինական ապրանքների հասցրած հնարավոր վնասի իրական մասշտաբների վերաբերյալ։ Ժամանակն է, որ Temu-ն հարգի օրենքը», — հայտարարել է տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։
Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն՝ չափազանց մեծ առցանց հարթակները պարտավոր են մանրակրկիտ գնահատել իրենց ծառայությունների հետ կապված համակարգային ռիսկերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք նվազեցնելու համար։
Մայիսի 28-ին սահմանված տուգանքի չափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով խախտման բնույթը, դրա ծանրության աստիճանը և տևողությունը։ Ռիսկերի պատշաճ գնահատում չիրականացնելը, ինչը Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) առանցքային դրույթներից է, համարվում է այս օրենսդրության կոպտագույն խախտում։
Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Temu»-ն պարտավոր է մինչև 2026 թվականի օգոստոսի 28-ը Եվրահանձնաժողով ներկայացնել գործողությունների ծրագիր: Այդ ծրագրում պետք է հստակ շարադրվեն այն քայլերը, որոնք ուղղված կլինեն ռիսկերի գնահատման պարտավորությունների թերացումները վերացնելուն: Փաստաթուղթն ստանալուց հետո Թվային ծառայությունների եվրոպական խորհուրդը կունենա մեկ ամիս ժամանակ՝ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Դրանից հետո Եվրահանձնաժողովին կտրվի ևս մեկ ամիս՝ վերջնական որոշում կայացնելու և դրա կատարման համար ողջամիտ ժամկետ սահմանելու համար։
Պարտավորությունները չկատարելու վերաբերյալ որոշումն անտեսելը կարող է հանգեցնել պարբերական տուգանքների և պատժամիջոցների կիրառման:
Source: https://news.am/hy/news/1039111
World
Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։