Եվրահանձնաժողովը պահանջում է, որ Գերմանիան և եվրոպական մյուս երկրները աստիճանաբար հրաժարվեն ներքին սահմանային հսկողությունից։
«DW»-ի փոխանցմամբ՝ Funke մեդիախմբի հետ զրույցում Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները նշել է, որ այս պահին սահմանային հսկողություն կիրառող ինը երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, սահմանափակումների փուլային չեղարկումն ամբողջովին իրատեսական է ու տեղին։
Եվրահանձնակատարն այս մասին հայտարարել է ապաստան տրամադրելու եվրոպական նոր կարգի ուժի մեջ մտնելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ։
Որպես իր պահանջի հիմնավորում՝ Բրունները նշել է, որ ապաստան հայցողների թիվը կտրուկ նվազել է, իսկ արտաքին սահմանների պաշտպանությունն ու մուտքի ու ելքի համաեվրոպական համակարգն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս։
Թեև Շենգենյան գոտում սկզբունքորեն գործում է ազատ տեղաշարժի ռեժիմ և մշտական սահմանային հսկողություն չկա, մի շարք երկրներ, հատկապես Գերմանիան, այս շրջանում ժամանակավոր ստուգումներ են իրականացնում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի սահմաններին խստացված հսկողություն էր սահմանվել 2025 թվականի գարնանը՝ երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի որոշմամբ։
Ինչ վերաբերում է ապաստան տրամադրելու եվրոպական նոր կարգին, ապա այն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից։ Բարեփոխումների նպատակը ԵՄ-ում ապաստան փնտրողների հոսքը կրճատելն է, ինչը կանոնների զգալի խստացում է ենթադրում հայցվորների համար։
Source: https://news.am/hy/news/1041412