Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել երրորդ ժամկետի համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է «Politico» պարբերականը։

Ըստ նրանց տեղեկությունների՝ Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտն այս մասին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ ընթրիքի ժամանակ։ Ինչպես փոխանցում են պարբերականի զրուցակիցները, այս հայտարարությունն արվել է այն նպատակով, որպեսզի ցրվեն այն մտավախությունները, թե Եվրահանձնաժողովի ստորաբաժանումների նախատեսվող վերակազմավորումը գործող նախագահի ձեռքում իշխանության լայնածավալ կենտրոնացման փորձ է։

«Politico»-ն հիշեցնում է, որ ԵՄ հիմնադիր պայմանագրերը չեն սահմանափակում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետների քանակը, սակայն հաջորդ ընտրությունների ժամանակ ֆոն դեր Լայենն արդեն 70 տարեկան կլինի։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է ներդրումների գլխավոր տնօրինություն ստեղծելու հնարավորությունը, որը կկառավարի տարածաշրջանային և սոցիալական հիմնադրամները, ինչն էլ ավելի կմեծացնի ֆոն դեր Լայենի ազդեցությունը կառույցի ղեկավարման գործում։ Պարբերականը նշում էր, որ նոր ստորաբաժանման ստեղծման հարցը կապված է կառույցի ամենահին մարմիններից մեկի՝ Տարածաշրջանային և քաղաքային քաղաքականության գլխավոր տնօրինության հնարավոր լուծարման հետ։

Source: https://news.am/hy/news/1044030