Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրամիությանը նոր անդամների միանալու ընթացակարգը պարզեցնելու մտադրությունը, որպեսզի ընդլայնման գործընթացը դուրս բերի փակուղուց։ Այս մասին Euronews հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Չեռնոգորիայում ԵՄ և Արևմտյան Բալկանների երկրների գագաթաժողովից առաջ։

«Այժմ մենք ստիպված ենք ավելի քան 40 անգամ քվեարկել, որպեսզի անցնենք ողջ գործընթացը»,- հայտնել է Կոշտան։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ը կարող էր «կրճատել այն փուլերի թիվը, որոնց ընթացքում որոշումներ են ընդունվում, որպեսզի պարզեցվի ընթացակարգը»։

Մասնավորապես, Կոշտան առաջարկել է վերացնել միաձայն քվեարկությունը անդամակցության գործընթացի տարբեր գլուխների շուրջ բանակցությունների բացման ժամանակ (և միաձայն որոշմամբ ԵՄ բոլոր երկրների կողմից թողնել միայն յուրաքանչյուր բանակցային գլխի ավարտի պաշտոնական հաստատումը)։

Եվրամիության ընդլայնման գործընթացը ներառում է բազմաթիվ փուլեր։ Դրանցից յուրաքանչյուրի պաշտոնական մեկնարկի և ավարտի համար պահանջվում է ԵՄ պետությունների միաձայն որոշումը։ Սա նրանց հնարավորություն է տալիս օգտվել վետոյի իրենց իրավունքից և անսահման երկար ձգձգել գործընթացը։ Արդյունքում՝ Արևմտյան Բալկանների երկրների թեկնածուներն անդամակցությանն սպասում են արդեն ավելի քան 20 տարի և չափազանց նյարդային են արձագանքում Ուկրաինայի արագացված ընդունման հնարավորության քննարկումներին, որի անդամակցությունը համայնքին մինչև 2022 թվականը նույնիսկ լրջորեն չէր քննարկվում։

ԵՄ-ում ընդունվելու վերաբերյալ բանակցային գործընթացը բաժանված է 33 բաժինների (գլուխների), որոնք անհավասարաչափ բաշխված են 6 բանակցային կլաստերների միջև։ Յուրաքանչյուր գլուխ ներառում է պետության կյանքի ոլորտներից մեկի կարգավորման նորմերը՝ քաղաքականության, տնտեսության, գիտության, մշակույթի, արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության և այլն։ Այս գլուխներից յուրաքանչյուրի շրջանակում թեկնածու երկիրը պարտավոր է իր օրենսդրությունը լիովին համապատասխանեցնել ԵՄ նորմերին։ Թեկնածուները չեն կարող բանակցությունների ընթացքում ազդել իրենց ներկայացվող պահանջների բովանդակության վրա. խոսքը վերաբերում է միայն դրանց կատարման ժամկետներին և նորմերին հարմարվելու կարգին։

Source: https://news.am/hy/news/1041162