Երբ փետրվարին Դոնալդ Թրամփն Իսրայելի հետ համատեղ պատերազմ սկսեց Իրանի դեմ, հրեական պետությունում շատերը շտապեցին այդ արշավն անվանել Բենիամին Նեթանյահուի քաղաքական և դիվանագիտական կարիերայի գագաթնակետը, գրում է Guardian-ը։
Երեք ամիս անց Թեհրանի կառավարող ռեժիմը շարունակում է պահպանել իշխանությունը, Թրամփն ամեն կերպ ձգտում է կնքել գործարք, որը կբացի Հորմուզի նեղուցը նավթային լցանավերի համար, իսկ լրատվամիջոցներ արտահոսող այս համաձայնագրի պայմաններն Իսրայելում տագնապ, հիասթափություն և զայրույթ են առաջացնում։
«Իսրայելը հայտնվել է կամակոր, մակերեսային և հուսահատված ամերիկացի նախագահի որոշումներից լիակատար կախվածության մեջ»,- արձանագրում է Նահում Բարնեան Yedioth Ahronoth պարբերականի էջերում՝ դառնալով այն բազմաթիվ մեկնաբաններից մեկը, որոնք դատապարտել են ինչպես բուն գործարքը, այնպես էլ Իսրայելի վարչապետին։
«Որքան բարձր էր կատաղի մռնչյունը, այնքան ավելի ջախջախիչ էր պարտությունը,- հավելել է լրագրողը՝ խստորեն քննադատելով Նեթանյահուի ռազմավարությունն այն արշավից առաջ և դրա ընթացքում, որն ԱՄՆ-ում անվանեցին «Էպիկական ցասում» (Epic Fury) գործողություն, իսկ Իսրայելում՝ «Մռնչացող առյուծ»։ - Եթե այժմ քննարկվող համաձայնագիրը ստորագրվի, վնասն ավելի ծանր կլինի։ Միլիարդները, որոնք կհոսեն իրանական ռեժիմի գրպանները, հեռու կգնան»։
Դեռ պատերազմի սկզբում իսրայելական պաշտպանական վերնախավը նախազգուշացնում էր, որ Իրանում ռեժիմի փոփոխության և ընտրություններից առաջ (որոնք պետք է անցկացվեն մինչև հոկտեմբեր) հնարավոր ընտրական բոնուսի հետևից ընկնելով՝ Նեթանյահուն վտանգում է զոհաբերել երկրի գլխավոր արտաքին քաղաքական ակտիվը՝ երկկուսակցական աջակցությունն ԱՄՆ-ում։ Գրեթե երեք ամիս անց Միացյալ Նահանգներում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ այդ բազմամյա ժառանգությանը հասցված հարվածը կարող է դառնալ հակամարտության ամենաերկարաժամկետ հետևանքն Իսրայելի համար։
The New York Times-ի տվյալներով՝ Իսրայելը ոչ միայն մեկուսացված է Իրանի հետ բանակցություններից, այլև նրան նույնիսկ չեն տեղեկացնում դրանց ընթացքի մասին։ Արդյունքում իսրայելական կառավարությունը ստիպված է ապավինել տարածաշրջանային դաշնակիցներին և նրանց լրտեսական ցանցերին, որոնք հետևում են Իրանի ղեկավարությանը։
Գործարքը, որը վարում է Թրամփի թիմը, կարող է որոշակի սահմանափակումներ դնել Իրանի միջուկային ծրագրի վրա, սակայն փորձագետները համակարծիք են, որ դրանք շատ ավելի մեղմ կլինեն, քան 2015 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կնքած և այն ժամանակ Նեթանյահուի կողմից խստորեն քննադատված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանները։
«Նախանշվող համաձայնագիրը շատ ավելի վատն է, քան նախորդը,- գրում է Բեն Կասպիտը Ma’ariv պարբերականում՝ ընդգծելով այն ռիսկը, որ պատերազմի հետևանքները և զինադադարի մասին համաձայնագիրը կարող են արագացնել Իրանի միջուկային ծրագիրը, այլ ոչ թե ոչնչացնել այն, ինչպես խոստացել էր Նեթանյահուն։ -Եթե նրանք [Իրանը] իսկապես միջուկային ռումբ ունենան, դա կլինի Բիբիի ռումբը»։ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը վերացրեց այն մարդուն, ով ստեղծել էր այդ միջուկային ծրագիրը, բայց միաժամանակ զսպում էր բուն զենքի ստեղծման վերջնական փուլը,- հավելել է վերլուծաբանը։
Այս ֆոնին Նեթանյահուի կոալիցիայի ծայրահեղ աջ անդամները պահանջում են նրանից ընդդիմանալ ամերիկյան նախագահին Լիբանանում «Հըզբոլլահի» հետ մասնակի հրադադարի հարցում, որն ընդունվել է Վաշինգտոնի ճնշման տակ։
«Վարչապետի համար ժամանակն է բռունցքով հարվածել Թրամփի սեղանին և հայտարարել նրան, որ մենք վերադառնում ենք Լիբանանում պատերազմին»,- երկուշաբթի իր սոցցանցերում գրել է ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։
Հենց Իրանի և նրա արբանյակների սպառնալիքներից վախն է, հավանաբար, բացատրում հարցումների տվյալները, ըստ որոնց իսրայելցիները վճռականորեն աջակցել են պատերազմի մեկնարկին՝ նույնիսկ չնայած շաբաթներ տևած հրթիռակոծություններին։ Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի տվյալներով՝ զինադադարի հայտարարումից անմիջապես հետո իսրայելցիների ավելի քան մեկ երրորդը հայտարարել է, որ «շատ կամ որոշակի չափով դժգոհ է» դրանից, մինչդեռ հրադադարի համար ուրախացել է հարցվածների ընդամենը մեկ քառորդից փոքր-ինչ ավելին։
Սակայն բուն կառավարությանն աջակցությունը նվազեց այն բանին զուգահեռ, երբ հակամարտությունը ձգձգվում էր առանց Թեհրանում Նեթանյահուի խոստացած ռեժիմի փոփոխության որևէ նշանի։ Անգամ ապրիլին, երբ Իրանի վրա ԱՄՆ ճնշման վերաբերյալ լավատեսության առիթներն ավելի շատ էին, իսրայելցիները հիասթափված էին պատերազմը վարելու կառավարության գործողություններից. հարցվածների ընդամենը մեկ երրորդից փոքր-ինչ ավելին էր իշխանությունների գործողությունները դրական գնահատել։
Ինչևէ, ոչ ամբողջ քննադատությունն է բաժին հասնում անձամբ Նեթանյահուին, և գործարքից դժգոհողներից ամենևին էլ ոչ բոլորն են ափսոսում պատերազմն սկսելու համար։ Այնուամենայնիվ, Թրամփի ծրագրի ուրվագծերը խիստ սակավ պաշտպաններ են գտել Իսրայելում։
«Ի պատիվ Թրամփի պետք է ասել, որ նա գոնե փորձեց,- եզրափակում է Արիել Կահանան եբրայալեզու Israel Hayom օրաթերթի էջերում։ — Իրանի վրա Միացյալ Նահանգների ահռելի կրակային հզորությունը տեղալու նրա համարձակ պատրաստակամությունը տասնյակ անգամներ նախընտրելի է այն պատմական անզորությունից, որը դրսևորել են նրա բոլոր նախորդները։ Բայց չոր մնացորդը հետևյալն է. Իրանը կարող է և աշխարհին ցույց կտա իր հաղթանակի պատկերն արդեն պարզապես այն պատճառով, որ նա դիմակայեց։ Իսկ Թրամփն այս պահին համանման պատասխան պատկեր չունի։ Եվ Իսրայելի ժողովրդի համար դա այնքան էլ հուսադրող նորություն չէ»։
Source: https://news.am/hy/news/1038311
World
«Եթե Իրանը ռումբ ստեղծի, դա կմնա Բիբիի խղճին». Թրամփի գործարքի նախագիծը խուճապ է առաջացրել Իսրայելում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։