«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով վերականգնել գործարանի աշխատանքը։
Գործարանի հումքի նախապատրաստման արտադրամասի հերթափոխի պետ Արայիկ Ավդալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարանի չաշխատելու հետևանքով աշխատակիցները կանգնելու են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։
«Գործարանի չաշխատելու հետևանքն այն կլինի, որ ֆինանսական շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Ես սա ասում եմ բոլոր աշխատակիցների անունից։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու են այս գործարանը կապարակնքել ու մի կողմ նետել՝ թքած ունենալով այս քաղաքի ժողովրդի վրա։ Եթե նույնիսկ ուզում են պետականացնել, ինչո՞ւ են գործարանի աշխատանքը կանգնեցրել»,- ասաց նա։
Ավդալյանի խոսքով՝ աշխատակիցներն օրավարձով են աշխատում և գործարանի պարապուրդի պատճառով զրկվում են եկամտից, մինչդեռ շատերն ունեն վարկային և հիփոթեքային պարտավորություններ։
«Այս մարդիկ իրենց օրական աշխատավարձն են կորցնում, բանկերում ապառիկներ, հիփոթեքներ ունեն։ Ո՞վ պետք է վճարի, ի՞նչ անենք»,- նշեց նա։
Իր հերթին գործարանի լաբորատորիայի վարիչը՝ Զոյա Բալայանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե էս գործարանը չաշխատի, կնշանակի՝ ամբողջ շրջանը սովի է մատնվելու։ Սա անելու բան չի... Վառարանի վրա ահագին գործ ունենք, չի կարելի այդպիսի բաներ անել։ Եթե պետք է այդպես անեին, պետք է նախապես ասեին, մենք կանգնեցնեինք աշխատանքը։ Իսկ այսօր լավան թողել ենք վառարանի մեջ ու կանգնել։ 4 օր է արդեն չենք աշխատում, ո՞վ է այդ աշխատավարձը տալու ժողովրդին։ Բոլորը վարկեր, հիփոթեք ունեն, ի՞նչ են անելու»։
Նա նշեց, թե երբ հարկադիր պարապուրդում են եղել, Ծառուկյանն իրենց պարտադիր վճարել է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում:
Source: https://news.am/hy/news/1048837