Էստոնիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին անօդաչուների հայտնաբերման և մշտադիտարկման ստացիոնար համակարգի տեղակայումը, հաղորդել է ERR-ը։
Առաջին համալիրներն արդեն տեղադրվել են սահմանի հարավարևելյան հատվածում, մինչև տարեվերջ նախատեսվում է նման միջոցներով ծածկել երկրի ողջ արևելյան սահմանը։
Ինչպես հայտնել է Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը, առաջին ստացիոնար սարքերը տեղակայվել են ցամաքային սահմանի երեք հատվածներում՝ Էստոնիայի, Լատվիայի և Ռուսաստանի սահմանների հատման կետից մինչև Լուխամաայի սահմանային անցակետը։
Բացի ստացիոնար համակարգերից՝ սահմանապահ ծառայությունը շահագործման է հանձնել կցորդիչների վրա տեղադրված շարժական ռադիոլոկացիոն համալիրներ։ Դրանք կարելի է արագ տեղափոխել և օգտագործել դժվար մատչելի շրջաններում, որտեղ չկա ստացիոնար դիտարկման ենթակառուցվածք։
Էստոնիայի սահմանապահ ծառայության պետ Վեյկո Կոմմուսաարը հայտնել է, որ շարժական ռադարները կարող են հայտնաբերել սպառնալիքներ ինչպես ցամաքում, այնպես էլ օդում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Շարժական ռադիոլոկացիոն համակարգերի արժեքը կազմել է գրեթե 1,3 մլն եվրո, իսկ դրոնների հայտնաբերման ցանցի ստեղծման առաջին փուլն արժեցել է ևս մոտ 300 հազար եվրո։
Իշխանությունները նախատեսում են արևելյան սահմանին դիտարկման և մշտադիտարկման ենթակառուցվածքի ստեղծումն ամբողջությամբ ավարտել հաջորդ տարի։
Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն հայտնել է, որ համակարգի տեղակայումը երկարատև նախապատրաստական աշխատանքի արդյունքն է։ Նրա խոսքով՝ անօդաչուների հետ կապված վերջին միջադեպերը հաստատել են առկա ռիսկերի գնահատման ճշտությունը։
Ներկայում շարունակվում են սահմանի հաջորդ հատվածների համար սարքավորումների գնումները, շինարարական աշխատանքները, ՆԳՆ տվյալներով, ընթանում են ժամանակացույցին համապատասխան կամ նույնիսկ առաջանցիկ տեմպերով։ Կոյդուլայի և Սաատսեի միջև հատվածում կապալառուն նախատեսում է աշխատանքներն ավարտել արդեն ընթացիկ տարվա վերջին։
Իշխանությունները նաև դիտարկում են դրոնների հայտնաբերման համակարգը սահմանամերձ շրջաններից դուրս ընդլայնելու հնարավորությունը։ Հեռանկարում նախատեսվում է նման միջոցներով համալրել խոշոր քաղաքներն ու կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների օբյեկտները։ Ինչպես նշել է Տարոն, վերջնական նպատակը անօդաչուներին հակազդելու հնարավորությունների ստեղծումն է ոչ միայն արևելյան սահմանի երկայնքով, այլև Էստոնիայի ամբողջ տարածքում։
Նախագիծն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։
Source: https://news.am/hy/news/1039696
World
Էստոնիան սկսել է անօդաչուների հայտնաբերման համակարգերի տեղակայումը Ռուսաստանի հետ սահմանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։