Ռուսաստանի հետ սահմանին գտնվող էստոնական Նարվա քաղաքում սկսվել են ժամանակավոր ռազմական ավանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Հաջորդ տարի նախատեսվում է քաղաքում տեղակայել Էստոնիայի պաշտպանության ուժերի ստորաբաժանում (մինչև 150 զինծառայողով), հաղորդում է ERR-ը։
Ռազմական ենթակառուցվածքների ստեղծման նախապատրաստությունն սկսվել է այն բանից հետո, երբ Նարվայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել պետության հետ հողատարածքների փոխանակման մասին։ Առաջին փուլում կառուցվելու է կոնտեյներային մոդուլներից կազմված ժամանակավոր ռազմավան, որը պատրաստ պետք է լինի մինչև 2027 թվականի սկիզբը։
Հետագայում նախատեսվում է Նարվայում հիմնել մշտական ռազմական ավան։ Էստոնիայի պաշտպանական ներդրումների կենտրոնի տվյալներով՝ հիմնական շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականի վերջին և կավարտվեն 2028 թվականի ամռանը։
«Նախատեսված հիմնական ռազմական ավանը մենք կկառուցենք մեկ փուլով։ Բացի այդ, Նարվայում կստեղծենք կոնտեյներներից կազմված ժամանակավոր ռազմավան, որի շինարարությունը կավարտվի մինչև 2027 թվականի սկիզբը»,- հայտնել է Պաշտպանական ներդրումների կենտրոնի նախագծերի պորտֆելի ղեկավար Անդո Վոոգման։
Նոր ռազմական օբյեկտը նախատեսված կլինի մոտ 1000 հոգու համար, սակայն այնտեղ մշտական հիմունքներով կծառայեն շուրջ 200 զինվորականներ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Նարվայում նախատեսվում է տեղակայել 1-ին հետևակային բրիգադի ստորաբաժանումը։
Հողատարածքների փոխանակման շրջանակում Նարվան պետությունից կստանա շուրջ 400 հազար եվրո փոխհատուցում, ինչպես նաև հողակտոր Հին քաղաքի տարածքում։ Նարվայի քաղաքապետ Կատրի Ռայկը հայտարարել է, որ այդ տարածքը կարող է օգտագործվել փոքր բնակելի շենքի կառուցման համար, սակայն հստակ ծրագրեր դեռևս չկան։
Source: https://news.am/hy/news/1049213