ԱՄՆ ամենախոշոր ավիաընկերությունները COVID-19 համավարակից հետո ավելի ու ավելի ակտիվորեն են վերակողմնորոշում իրենց բիզնեսը դեպի այն ուղևորները, որոնք պատրաստ են վճարելու բարձր հարմարավետության համար: Delta Air Lines-ը, American Airlines-ը և United Airlines-ը ընդլայնում են բիզնես դասի և պրեմիում-էկոնոմ դասի նստատեղերի քանակը, ներդրումներ անում VIP սպասասրահներում և լրացուցիչ ծառայություններում՝ աստիճանաբար մեծացնելով տարբերությունը պրեմիում և բյուջետային ուղևորների միջև, հաղորդում է Associated Press-ը:

Delta-ի գլխավոր տնօրեն Էդ Բաստիանը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է մրցակցել ոչ թե ամենացածր գների, այլ լավագույն սպասարկման հաշվին: Ըստ ավիաընկերությունների ղեկավարության՝ պրեմիում ծառայությունների պահանջարկը համավարակից հետո զգալիորեն աճել է և մնում է շուկայի ամենաշահութաբեր սեգմենտներից մեկը:

Ավիափոխադրողները վերասարքավորում են ինքնաթիռները՝ մեծացնելով տեղերի քանակը պրեմիում դասի սրահներում։ Այսպես, Delta Airbus A350-1000 նոր օդանավերում, որոնք շահագործման կհանձնվեն 2027 թվականից, ուղևորասրահի գրեթե կեսը հատկացված կլինի պրեմիում դասերին: American Airlines-ը նախատեսում է մինչև տասնամյակի վերջ նման նստատեղերի քանակն ավելացնել 50%-ով:

Ընկերությունները նաև ակտիվորեն ներդրումներ են անում ենթակառուցվածքների մեջ: Delta-ն բացում է նոր սպասասրահներ՝ ռեստորաններով, բարերով և հանգստի գոտիներով, American-ը արդիականացնում է բիզնես դասը հեռագնա չվերթներում, իսկ United-ը բիզնես դասի ուղևորներին առաջարկում է ընդլայնված մուլտիմեդիա համակարգեր, բազմակի սնունդ և պրեմիում սպասարկում:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ պրեմիում սրահները զբաղեցնում են ինքնաթիռի փոքր մասը, սակայն ավիաընկերություններին բերում են եկամուտների անհամաչափ մեծ բաժին: Մի շարք տրանսատլանտյան չվերթներում միայն բիզնես դասի տոմսերից ստացված հասույթը գրեթե համադրելի է ամբողջ էկոնոմ դասի եկամուտների հետ:

Միաժամանակ ավիաընկերությունները փոխում են սակագնային քաղաքականությունը։ Delta-ն և United-ը սկսել են առաջարկել ավելի էժան սակագներ պրեմիում դասերի ներսում, սակայն նման տոմսերը չեն ներառում մի շարք սովորական արտոնություններ, որոնց թվում՝ նստատեղի ընտրությունը և մուտքը բիզնես սրահները:

Իրանի շուրջ իրավիճակի սրումից հետո ավիացիոն վառելիքի գների աճի պայմաններում մեծանում են նաև սովորական ուղևորների ծախսերը։ Ըստ զբոսաշրջային խորհրդատուների՝ ավելի ու ավելի շատ հաճախորդներ են բախվում այն իրողությանը, որ էկոնոմ դասի էժան սակագները չեն ներառում ուղեբեռ, նստատեղի ընտրություն և տոմսի փոփոխման հնարավորություն, իսկ բոլոր լրացուցիչ ծառայություններն ավելացնելուց հետո ուղևորության արժեքն էականորեն բարձրանում է:

Source: https://news.am/hy/news/1048982