Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում կոչ է արել վերսկսել դիվանագիտական ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմներին վերջ դնելու համար՝ հայտարարելով, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել հետագա հակամարտություններին, հաղորդում է Anadolu-ն:
Նա կրկին ընդգծել է, որ ահաբեկչությունը մնում է «ՆԱՏՕ-ի անվտանգության երկու գլխավոր սպառնալիքներից մեկը», և նշել է, որ դաշինքը պետք է անկեղծ համերաշխություն պահպանի դրա դեմ պայքարում:
Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ հակամարտությունը թևակոխել է իր հինգերորդ տարին և վերածվել է հյուծող պատերազմի՝ հսկայական կորուստներով:
«Այս հյուծող պատերազմը վերածվել է սպանդի մեքենայի, որն ամեն ամիս տասնյակ հազարավոր կյանքեր է խլում»,- ասել է նա:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հակամարտության հենց սկզբից հետևողականորեն հանդես է եկել հանուն երկխոսության և դիվանագիտության, և վերահաստատել է բանակցությունների անցկացմանն աջակցելու Անկարայի պատրաստակամությունը:
«Արդար աշխարհում պարտվողներ չկան: Ես կցանկանայի կրկին հայտարարել, որ մենք պատրաստ ենք կողմերին դարձյալ հավաքել միասին Թուրքիայում»,- նշել է նա:
Source: https://news.am/hy/news/1048717