Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդներին արտասովոր նվերներ է մատուցել՝ փորագրությամբ անվանական ատրճանակներ և մարտական փամփուշտների տուփեր, հաղորդում է Turkiye Today-ը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինքը չի կարողանա զենքը ներմուծել երկիր՝ բրիտանական խիստ օրենսդրության պատճառով, որն արգելում է կարճափող հրազենի ներկրումն ու մասնավոր տիրապետումը:

Ըստ Սթարմերի՝ ատրճանակը կմնա Անկարայում և կհանվի շահագործումից: Միաժամանակ, Էրդողանը յուրաքանչյուր առաջնորդի անձնական երաշխավորագիր նամակ է փոխանցել, որն ազատում է նվերը թուրքական արտահանման սահմանափակումներից, սակայն այդ փաստաթուղթը չէր կարող չեղարկել այլ պետությունների օրենսդրության պահանջները:

Հայտնի չէ՝ արդյոք գագաթնաժողովի մյուս մասնակիցները բախվե՞լ են նմանատիպ խնդիրների, թե՞ ոչ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացվել է Անկարայում հուլիսի 7–8-ին: Սա դաշինքի առաջնորդների առաջին հանդիպումն է, որը կազմակերպել է Թուրքիան 2004 թվականից ի վեր: Միջոցառման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացման, Ուկրաինային աջակցության, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների վերսկսման հեռանկարների վերաբերյալ հարցեր:

Source: https://news.am/hy/news/1048714