Էպշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում են լրատվամիջոցները։

«Էպշտեյնն, ըստ ամենայնի, կապված է եղել իսրայելական «ստվերային պետության» (deep state) այն տարրերի հետ, որոնք զբաղեցնում էին ձախ կենտրոնամետ դիրքեր։ Դա ինձ միշտ զարմացրել է։ Չի կարելի ասել, որ նա սերտորեն կապված էր իսրայելական քաղաքականության աջ կենտրոնամետ շրջանակների հետ։

Ես միանգամայն հստակ գիտեմ, որ իսրայելական կառավարությունում կան մարդիկ, ովքեր փորձում են շեղել մեր ուշադրությունն այդ քաղաքականությունից, որովհետև ցանկանում են շարունակել ռազմական արշավը։ Մենք միանգամայն հստակ գիտենք, որ նրանց համակարգում կան մարդիկ, ովքեր մանիպուլյացիաներ են անում և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմն անվերջ շարունակվի։ Դարձյալ՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակով, այլ պարզապես անվերջ։

Շատ է խոսվում այն մասին, թե որքան ուժեղ է իսրայելական կառավարությունն ազդում ամերիկյան քաղաքականության վրա, և, անշուշտ, իսրայելական կառավարությունում կան որոշակի մարդիկ, ովքեր ատում են այս գործարքը։ Մենք տեսնում ենք դրա անհերքելի ապացույցները։ Երեկ Times թերթում մի հոդված հրապարակվեց, որտեղ, ըստ էության, ասվում էր, որ Ամերիկայում որոշ ազդեցիկ անձանց վճարում են այս գործարքը քննադատելու համար։

Սա 9 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Մենք 330 միլիոն ենք։ Եվ, իհարկե, նրանք փորձելու են համոզել ամերիկացիներին։ Նրանք փորձելու են ամերիկացիներին հակել այս կամ այն կողմը։ Կարծում եմ՝ իսրայելցիները դա միանշանակ ավելի արդյունավետ են անում, քան մեծամասնությունը»,- նշել է Վենսը։

Source: https://news.am/hy/news/1050064