Սիրիայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է Եփրատ գետում ջրի մակարդակի կտրուկ և «աննախադեպ» բարձրացման մասին՝ Թուրքիայից ջրի լայնածավալ բացթողումների և սեզոնային ուժեղ անձրևների հետևանքով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:
Իշխանությունները արտակարգ պատրաստվածության ռեժիմ են հայտարարել երկրի հյուսիսային և արևելյան մի շարք նահանգներում։
Սիրիայի կառավարության տվյալներով՝ իրավիճակը հատկապես անդրադարձել է Դեր Զորի, Ռակկայի և Հալեպի նահանգների վրա։ Իշխանությունները հայտնել են քաղաքային ու գյուղական շրջանների, կամուրջների, գյուղատնտեսական հողատարածքների և բնակելի տների հեղեղումների մասին։
Սիրիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի ջրամբարներում ջրի մակարդակը գրեթե հասել է սահմանագծին, ինչի պատճառով ստիպված են շարունակել Եփրատի ամբարտակի միջոցով ջրի լայնածավալ բացթողումը։
Նախօրեին սիրիական իշխանությունները հրապարակել էին ամբարտակի ջրարգելակների բացման լուսանկարները՝ նշելով, որ դրանք չէին օգտագործվել շուրջ 40 տարի։ Բնակիչներին կոչ է արվել լինել զգոն և խուսափել գետի հունի երկայնքով անցնող վտանգավոր տարածքներից։
Դեր Զորում, պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, ջրի տակ է անցել հողային կամուրջը, իսկ մի քանի այլ անցումներ հեղեղման պատճառով շարքից դուրս են եկել։
Սիրիական կողմը ստեղծված իրավիճակը կապում է Թուրքիայի կողմից ջրի հոսքի կտրուկ ավելացման հետ։ Դամասկոսում հայտարարել են, որ պատճառ են դարձել առատ տեղումները և Եփրատի վրա գտնվող թուրքական ամբարտակների ջրարգելակների բացումը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրքական ամենախոշոր՝ Աթաթուրքի ամբարտակում իրականացվել է ջրի «վերահսկելի բացթողում» այն բանից հետո, երբ վերջին ամիսների ուժեղ անձրևների պատճառով ջրամբարի մակարդակը բարձրացել է։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ամբարտակի ջրթող ջրարգելակները բացվել են վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ։
Աթաթուրքի ամբարտակը Թուրքիայի խոշորագույն հիդրոտեխնիկական օբյեկտներից է և առանցքային դեր է խաղում էլեկտրաէներգիայի արտադրության ու սիրիական սահմանի մոտ գտնվող շրջանների ոռոգման գործում։
Source: https://news.am/hy/news/1039240
World
Եփրատի վրա տագնապ է հայտարարվել. Սիրիան բախվել է լայնածավալ հեղեղումների՝ Թուրքիայից ջրի բացթողումների պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։